Ռուսաստանի, սիրիական ճգնաժամի մեջ ներքաշվելուց հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ սիրիական բանակիմ և հոգուտ Բաշար ալ Ասադի: Այս մասին YN.am-ի (YerevanNews.am-Երևան Նյուզ) հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

- Ճիշտ է մի երկու շրջանում սիրիական բանակը պարտություն կրեց, բայց Հալեպի տարածաշրջանում, ինչպես նաև Լաթաքիայի հյուսիսարևելյան տարածաշրջաններում սիրիական բանակը շեշտակի հաջողություններ ունեցավ և դա իհարկե իր ազդեցությունը ունի: Դա մեծամասամբ պայմանավորված է ռուսական բանակի կողմից «Իսլամական պետության» դիրքերին ճշգրիտ հարվածներ հասցնելու հանգամանքով: Ռուսական կողմը հարվածներ է հասցնում «Ջաբհաթ ալ Նուսրա»-ի, այսինքն Սիրիայում գործող «ալ Քաիդա»-ի ֆիլեալի զինյալներին և պետք է նշեմ, որ եթե այդպես շարունակվի և Ռուսաստանը շարունակաբար ոչնչացնի ահաբեկիչներին, ապա սիրիական բանակին, որի թիկունքում կանգնած է նաև Իրանը, կհաջողվի բավական խառնել այն պետությունների ծրագրերը, որոնք նախատեսում էին ինչպես Իրաքում, ինչպես Լիբիայում, այդպես էլ Սիրիայում կազմակերպել իշխանափոխություն և տարրականորեն քանդել այդ երկիրը:

Ես հույս ունեմ, որպես հայ, որ Բաշար ալ Ասադին կհաջողվի պահպանել իշխանությունը, որովհետև, ամեն դեպքում, Սիրայում իսլամիստների իշխանության գալը խաչ կդնի այնտեղ հայկական համայնքի գոյության վրա: Մինչև պատերազմը Սիրիայում բնակվում էր 80-100 հազար հայեր, որոնց մեծ մասը բնակվում էր Թուրքիայի սահմանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա գտնվող Հալեպ քաղաքում: Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ ինքը իբրև թե պայքարում է «ԻՊ»-ի, «Ալ Նուսրայի» կամ որևիցէ այլ ահաբեկչական խմբավորման դեմ, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև իրադարձությունների հերթականությունը ցույց է տալիս, որ խմբավորումների թիկունքում կանգնած է Թուրքիան, որը դաշնակցում է այս ահաբեկչական խմբավորումների հետ, եթե այս խմբավորումները հաջողություն ունեցան Սիրիայում, ապա Թուրքիան շատ մեծ ազդեցություն կունենա Սիրիայի ներքին քաղաքականության մեջ:

Դա նշանակում է, որ այս ահաբեկչական խմբավորումները ապագայում իշխանության գալով պարտավոր են կատարել պաշտոնական Անկարայի պահանջները, իսկ Անկարայի համար ամենակարևորն է չեզոքացնել հայկական համայնքը Սիրայում... արդեն այն, որ նույն ահաբեկչական խմբավորումենրը ժամանակին հաձակվեցին Քեսաբի վրա կամ անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին միտումնավոր պայթեցրեցին Դեյր-էլ-Զորի հայկական եկեղեցին, որը կառուցվել էր Ցեղասպանության զոհերի հիշատակին, ցույց է տալիս, որ դեռ իշխանության չեկած, այսինքն՝ լոկալ տարածաշրջաններում իշխող այդ ահաբեկչական կազմակերպությունները միևնույն է կատարում են Թուրքիայի պատվերները:

Ես իհարկե հույս ունեմ, որ ՌԴ օգնությամբ Բաշար ալ Ասադը դեռ կպահպանի իր իշխանությունը, իսկ հետագայում էլ, եթե իշխանափոխություն լինի, ապա գոնե իշխանության կգան զուսպ ընդդիմադիր ուժերը, որոնք կապ չեն ունենա ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք էլ սերտ համագործակցում են Թուրքիայի իշխանությունների հետ: