«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի` Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն` Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային և ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն և մոտոհրաձգային ու հետևակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:

Այս տեղեկատվությունը երեկ պաշտոնական հաստատում չստացավ, չնայած, կրկնում ենք, ակտիվորեն շրջանառվում ու տարածվում էր ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

Թերթի աղբյուրների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նախօրեին կարճատև՝ մի քանի ժամյա այցով գտնվել է Հայաստանում, ենթադրաբար՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ակնհայտ է, սակայն, որ այս երկու տեղեկությունները կապված են իրար հետ, և մեկը լրացնում է մյուսին:

Եթե իսկապես Պուտինը նման հրահանգ է իջեցրել, ապա ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարարը պետք է այցելեր Գյումրի՝ տեղում այդ հրահանգն «իրացնելու համար»: Կամ, եթե Շոյգուն ժամանել է Հայաստան, ապա, վստահաբար՝ ինչ-որ հույժ կարևոր առաքելությամբ: Եվ ուրեմն, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով:

Դրա համար Ռուսաստանը, իհարկե, իրավական հիմնավորումներ ունի, նման «զորաշարժերը» կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, և Հայաստանն, ըստ էության, ոչինչ անել չի կարող դրա դեմ: Սա այն է, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգում էին «մի քանի տասնյակ մարգինալները», սա սեփական երկրում օտարերկրյա զինված ուժեր ունենալու գինն է, որը նշանակում է, որ ցանկացած ժամանակ Հայաստանն ակամա կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ:

Ընդ որում, իրավիճակի նրբությունն այն է, որ ռուսական այդ գործողությունները նախապատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համար, իսկ Թուրքիան մեր «դարավոր թշնամին» է: Այսինքն՝ Աստված մի արասցե, ռուս-թուրքական ռազմական առճակատման դեպքում ռուսական զինուժի գործողությունները հանրային աջակցություն կստանան Հայաստանում, քանի որ դրանք ուղղված են լինելու մեր դարավոր թշնամու դեմ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։