Մոնթեականներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են վարժարանի հրամանատարական կազմը, վարժարանի սաների ծնողներն ու ընկերները, զինվորականներ: Հաղթողներն իրենց հետ հայրենիք են բերել հավաքի գլխավոր գավաթը, մեդալներ ու «Օրվա հերոսը» կրծքանշաններ:

«Պատանի հայրենասերներ» հերթական հավաքը, որին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամամարզական վարժարանի սաները մասնակցում են 2011թ.-ից, համախմբել էր ԱՊՀ անդամ պետությունների` Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հավաքական թիմեր: Այս տարի հավաքին մասնակցել են նաև Չինաստանից ժամանած պատանիները:

Հավաքի ընթացքում թիմերը մրցել են ռազմականացված էստաֆետի, արգելագոտիների հաղթահարման, հրաձգության, ռազմական տեղագրության, համալիր ուժային վարժությունների և այլ անվանակարգերում: Մոնթեականները բոլոր վարժություններում իրենց գերազանց են դրսևորել և կարողացել են առաջադրանքները կատարել բարձր մակարդակով` տեսական ու գործնական վարժություններն իրականացնելով սահմանված ժամկետում: Միջազգային այս հավաք-մրցույթում իրենց արդեն երրորդ հաղթանակի գրավականը վարժարանի սաները համարում են իրենց միասնականությունը, համախմբվածությունը և բարձր պատրաստվածությունը: