Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայում բանակային օդուժի երիտասարդ օդաչուները լեռնային տեղանքում սկսել են գիշերային թռիչքներ իրականացնել Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներով:

«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ մեկ ամսվա ընթացքում օդաչուները օրվա ցերեկային ժամերին լեռնային տեղանքում միջին հաշվով 150-200 ժամ թռիչքներ են կատարել առաջադրված երթուղիներով: Օդաչուները փորձարկել են թռիչքներն ու վայրԷջքները բարձլեռնային հարթակներում, կատարել մարտական առաջադրանքներ:

Ուսուցման ընթացքում օդաչուները գիշերային թռիչքներ կկատարեն ծովի մակարդակից 1,5 հազարից մինչեւ 4 հազար մետր բարձրությունների վրա, օդից կիրականացնեն հետախուզում եւ կհայտնաբերեն պայմանական հակառակորդի դիրքերը: Ավիաբազայի հրահանգիչները հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ օդաչուներին սարքերի օգնությամբ կողմնորոշվելու հմտությունների ուսուցմանը:

Երիտասարդ օդաչուների հետ պարապմունքներն անցկացվում են զորամիավորման փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ: Վարժանքները կշարունակվեն մեկ ամիս: