Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ հայկական կողմից փոխզիջումների մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն հայտարարի զիջումների մասին։ Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ բանակցային գործընթացը ենթադրում է գնալ փոխզիջումների, սակայն քանի դեռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել ինչ զիջումների է պատրաստ, ապա հայկական կողմից զիջումների մասին խոսելը տակտիկական կոպիտ սխալ է:

«Մեր նպատակը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ-ի ժողովրդի և պետության անվտանգությունը: Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին, ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է, ինչը պայմանավորված նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային կողմի դիրքորոշումը շատ կոշտ է, և այս պարագայում խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է»,- ասաց նա: