Արդեն երեք ամիս է, ինչ Գերմանիայի Բոն քաղաքի համալսարանական կլինիկայում բուժում է ստանում ապրիլին Թալիշում վիրավորում ստացած զինծառայող Ռուբեն Առաքելյանը։ Սակայն բուժումը հարթ չի անցնում։ Հարազատներն ահազանգում են՝ զինծառայողի մտերիմների և Բոնի կլինիկայի միջև միջնորդ հանդիսացող «Էյ Բի Սի Գլոբալ Մեդ» բժշկական ձեռնարկությունը խորհրդատու Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ գումարներ է շորթել զինծառայողի բուժման և նրա մոր կեցության, տեղափոխման և թարգմանության համար նախատեսված գումարից։ Խաչատրյանը հերքում է մեղադրանքը։