Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այս գիշեր զոհված Գոռ Խուդինյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ անմիջապես մեկնել Արցախ` ծառայության:

«Գոռը մեր բակի փոքրիկն է եղել, մանուկ հասակից իրեն ճանաչել ենք, շատ խելոք, համեստ տղա էր: Դպրոցում երազում էր զինվորական դառնալ, հայրենիքը պաշտպանել: Դպրոցն ավարտելուց հետո էլ սովորեց ռազմական ինստիտուտում ու մեկնեց Արցախ` ծառայության»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց շփման գծում զոհված Գոռ Խուդինյանի հարեւան Հարություն Բազսմաջյանը:

26-ամյա Գոռը Վանաձորից էր, ամուսնացած էր, ուներ մանկահասակ երեխա: Գոռի եղբայրը մեկ ամիս առաջ է մեկնել պարտադիր ժամկետային ծառայության:

Վանաձորի թիվ 5 դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը, որի սաներից է եղել զոհված զինծառայողը, հիշում է, որ դեռ 6-7-րդ դասարաններում է նկատվել նրա սերը ռազմական գործի նկատմամբ. «Մենք հպարտանում էինք Գոռով, հատուկ ալբոմ ենք պահում ռազմական ինստիտուտ գնացածների համար: Գոռը առաջիններից էր»:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ NEWS.am