Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
Պարոն Բաբայան, Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրենց նախագահի թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանն առաջիկայում պատրասվում է հանդիպել Արցախի ղեկավարությանը։ Արդյոք Արցախը մանդատ կտա՞ Արմեն Սարգսյանին բանակցություններ վարելու։
Նախևառաջ` ՀՀ նոր նախագահի ընտրությունը ՀՀ ներքին գործն է, Արցախը չի միջամտում։ Բայց մենք Արմեն Սարգսյանին ճանաչում ենք, հնարավորություն ենք ունեցել անմիջապես շփվել իր հետ մասնավորապես 2015-ին, երբ նախագահ Սահակյանի գլխավորած արցախյան պատվիրակությունն այցելեց Մեծ Բրիտանիա։ Այնտեղ մենք ունեցանք բազմաթիվ կարևոր հանդիպումներ, այդ թվում` Chatham House-ում նախագահը ելույթով հանդես եկավ, հանդիպեց գիտավերլուծական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այդ բոլոր օրերին մեր կողքին էր նաև դեսպան Սարգսյանը և բավական լավ տպավորություն թողեց և պրոֆեսիոնալ, և մարդկային որակներով։ Անմիջապես շփվելով նրա հետ՝ ոչ միայն գործնական մթնոլորտում, այլ առհասարակ, բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ենք փոխանակել, ընդհանուր կարծիք ունենք։ Եվ կարծում եմ նրա թեկնածությունը բավական հաջողված է։ Եվ ընդհանրապես, ինքը նաև շատ պատրաստ դիվանագետ է և կարող է վարել բանակցություններ, այդ թվում՝ եթե ընդգրկված լինի նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Առավել քան վստահ եմ, որ եթե նա մասնակցի բանակցություններին, ինքը նույնպես առաջ է քաշելու լիարժեք ձևաչափի վերականգնման խնդիրը։ Եվ լավ է, որ իր առաջին հրապարակային հայտարարություններից մեկում նշել է, որ պատրաստվում է Արցախ այցելել, հանդիպել ղեկավարության հետ։ Դա նշանակում է, որ իր գործունության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու նաև Հայաստան-Արցախ կապերին, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, բնական է նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Մինչև հիմա վարչապետի հնարավոր թեկնածուի հարցը քննարկելիս ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, որ նա անփոխարինելի է և այլն, և որ լավագույնն է տիրապետում արցախյան հիմնախնդրին։ Ի՞նչ եք կարծում՝ Արմեն Սարգսյանը պատրա՞ստ է Ալիևի հետ բանակցությունների։
Այդ բանակցությունները չպետք է անձնավորենք։ Ի վերջո կա պաշտոնական Երևան, կա ՀՀ, կա Արցախ, կա սփյուռք, և նա պատրաստի դիվանագետ է։ Եվ եթե նույնիսկ նա մասնակցի բանակցություններին, չեմ կարծում, որ բանակցային գործընթացում ինչ-որ արտառոց բան է տեղի ունենալու, որովհետև սա արդեն կայացած համակարգ է, այդ թվում նաև բանակցությունների գործընթացը, և որևէ արտառոց զարգացում դժվար թե լինի։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում նորություն կար, մասնավորապես, նշվեց, որ կողմերը համաձայնել են Կասպշիկի խմբի ընդլայնմանը։ Սա գոհացնո՞ղ հանգամանք է։
Սա կարևոր հանգամանք է։ Ցանկացած հանդիպում մենք կարևորում ենք, որովհետև սա նախ բանակցային գործընթացի շարունակականությունն է ապահովում և խաղաղության ու կայունության մի բաղադրամաս է։ Լավ է, որ այդ հանդիպման ժամանակ նորից անդրադարձ կատարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանը։ Դուք գիտեք, որ դա բավական բարդ հարց է նույնիսկ հիմա, որովհետև Ադրբեջանն, ըստ ամենայնի, խոչընդոտում է այդ գործընթացին։ Նույնիսկ ընդունելով այդ ամենը, ամեն դեպքում բոլոր ձևերով ուզում է, որ եթե նույնիսկ ընդլայնվի այդ գրասենյակի աշխատակիցների քանակը, նրանք տեղակայված չլինեն սահմանամերձ շրջաններում, օրինակ՝ լինեն Բաքվում։ Իսկ սա արդեն նրանց աշխատանքին մեծ խոչընդոտ է, որովհետև նրանց քանակի ընդլայնումը պետք է այնպես լինի, որ անմիջապես մոտ գտնվեն սահմանին։ Եթե Ստեփանակերտի պարագայում դա խնդիր չէ, ապա եթե Բաքվում նրանք տեղակայված լինեն, սա արդեն լուրջ խնդիր է, որովհետև չեն կարողանալու անմիջապես աշխատել սահմանին, ֆիքսել հրադադարի խախտումները, դրանց տեղը, ժամը, թե որ կողմն է խախտողը և այլն։ Դեռևս շատ խնդիրներ կան, բայց լավ է, որ կարծես փորձ է կատարվում տեղից շարժել հարցը։ Բայց մենք լավ ճանաչելով Ադրբեջանին, հասկանում ենք, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի այդ գործընթացին։ Կարևորն այն է, որ այդ հարցը քննարկումներից դուրս չի գալիս և դժվար թե դուրս գա։
Փաստորեն, լիահույս եք, որ այս հարցում կարող է առաջընթա՞ց գրանցվել։
Ունենք սպասելիքներ, ժամանակը ցույց կտա, թե որքանով են դրանք արդարանալու։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անել, որ խաղաղությունն ու կայունությունը պահպանվի, բնականաբար, որպես կարևոր բաղադրիչ ընդունելով մեր երկրի հզորությունը, բանակի մարտունակությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
Այս տարի ընտրություններ են թե Հայաստանում, թե Ադրբեջանում, և շատ փորձագետների գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ վիճակը կպահպանվի։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
2018 թվականն, իրոք, հատուկ ու հետաքրքիր տարի է լինելու։ Հատկապես Ադրբեջանում շահարկումներով հղի տարի է լինելու, որովհետև նրանց մոտ այս տարի ընտրություններ են։ Մյուս կողմից, Ադրբեջանում նախագահական ընտրությունները ձևական են լինելու, քանի որ Ալիևը պետք է որ անցնի։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ շահարկումներով լի տարի է լինելու։ Բացի այդ, արհեստածին Ադրբեջանի ստեղծման 100-ամյակն է, Հեյդար Ալիևի 95-ամյակն է, լրանում է Աղդամի, Ֆիզուլիի, Ղուբաթլուրի, Ջեբրայիլի Զանգելանի, Քելբաջարի հենակետերի կորստի 25-ամյակը։ Սրանք ամենամեծ տարածքային կորուստներն են եղել ագրեսորի համար՝ և նյութական, և բարոյական, և ռազմաքաղաքական։ Այս ամենը շահարկումներ են ծնելու, բնական է, որ սկսելու են ամպագոռգոռ հայտարարություններ անել, ագրեսիվ ու հիստերիկ պահվածք դրսևորել դիվանագիտական, տեղեկատվական ու քաղաքական դաշտում։ Չի բացառվում նաև, որ սադրանքների դիմեն, խախտեն հրադադարի ռեժիմը։ Մենք այս ամենին պատրաստ ենք, որովհետև ճանաչելով մեր հակառակորդին, միշտ պետք է պատրաստ լինենք նման քայլերի։ Մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սադրանքները կանխենք, բայց նաև պետք է միասնականություն ցուցաբերենք Հայաստան-Արցախ-սփյուռք հարթությունում և տեղեկատվական դաշտում ակտիվորեն աշխատենք։ Այսինքն՝ մեծ աշխատանքի դաշտ է բացվել։

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am