Արցախում փետրվարի 7-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Հայկը ընտանիքի ավագ որդին էր, ունի քույր եւ եղբայր:

«Շատ լավ երեխա էր, փոքրուց միշտ ծնողներին օգնել է ընտանիքը պահելու հարցում: Գյուղի օրինակելի ընտանիքներից մեկն է, բոլորն անհամբեր սպասում էին Հայկի վերադարձին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նավուրի բնակիչներից Արմինեն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: