ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին ակնարկին։ Ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն ստանալու և ռուսական զենքը ամերիկյան զենքով փոխարինելու մասին լրագրողի դիտարկմանն անդրադառնալով՝ Դավիթ Տոնոյանը. «Զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ով կարողանում է, ինչ կարողանում է՝ ձեռք է բերում: Մենք այս պահին Միացյալ Նահանգներից ոչ մի առաջարկություն չենք ստացել»։ 

«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը»,- լրագրողների ետ հանդիպման ժամանակ ասել էր Բոլթոնն՝ ընդգծելով, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, ինչպես նաև, որ ամերիկյան զենքը ռուսականից լավն է։ Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: