ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ են հավաքվել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման անդամները՝ պահանջելով օգնել նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին:

Նշվում է, որ նա տարիներ առաջ ստամոքսի բորբոքում է ունեցել, հոսպիտալում վիրահատել են ու այդ օրվանից հաշմանդամություն է ձեռք բերել: «Բացի դա, օրգաններ են հեռացրել, որից տեղյակ չեմ եղել, ոչ մի տեղ չի գրվել հեռացման մասին... ՊՆ-ից խոստացել էին ուղարկել արտերկիր՝ բուժման, բայց անտարբերություն է տիրում: Պահանջում եմ հանդիպում նախարարի հետ»,- ասաց Դավիթը:

«Ինչ-որ բժշկի պատճառով նա հայտնվել է այս վիճակում ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար»,- հավելեց միավորման նախագահ Մանուել Մանուկյանը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանը, արձագանքելով խնդրին, սոցկայքի իր էջում գրել էր. «Կան հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը»: