Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ամեն գնով վերադառնալ իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ եթե ՊՍԺ-ն հրաժարվի պայմանագրով սահմանված 150 միլիոն եվրո հրաժարագնի դիմաց վաճառել Նեյմարին, ապա բրազիլացի ֆուտբոլիստը դատի կտա փարիզյան ակումբին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել Նեյմարին: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կապ է հաստատել ոլորտի լավագույն իրավաբաններից մեկի՝ Վուտեր Լամբրեխտի հետ, որը կզբաղվի Նեյմարի իրավունքների պաշտպանությամբ: Նախկինում Վուտեր Լամբրեխտի ծառայություններից օգտվել են նաև ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: Բրազիլացի հարձակվողի տեղափոխությունը ՊՍԺ համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը Նեյմարի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: