Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջաստին Կլույվերտի հետ, հայտնում է Metro-ն:

«Արսենալը» 21-ամյա Կլույվերտի դիմաց «Ռոմային» կառաջարկի Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը և 15 միլիոն եվրո:

Մարզական հեղինակավոր պարբերականները գործարքը համարում են իրատեսական, քանի որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիսանում է նաև Ջաստին Կլույվերտի գործակալը:

Նշվում է, որ եթե «Ռոման» ընդունի «Արսենալի» առաջարկը, ապա Մինո Ռայոլային կհաջողվի ավելի բարձր աշխատավարձ ապահովել 31-ամյա Մխիթարյանի համար:

Իտալական մարզական պարբերականներից մեկին տված հարցազրույցում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նշել էր, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ 31-ամյա Մխիթարյանին, որը ևս չի ցանկանում հեռանալ «Ռոմայից»:

Ավելի վաղ Sport Mole-ն տեղեկացրել էր, որ «Արսենալն» իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը և պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։