Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, գոլի հեղինակ դառնալով վրացիների դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում, 14-րդ գոլն է խփել ազգային թիմում: Այդ ցուցանիշով Կիպրոսի ԱԵԼ-ի ֆուտբոլիստը հավասարվել է Յուրա Մովսիսյանին, որի հետ կիսում է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը: 32-ամյա Ղազարյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 73 հանդիպում, իսկ Յուրա Մովսիսյանը՝ 38:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Վրաստանի դեմ խաղում կատարած 2 գոլային փոխանցումներից հետո առաջատար է դարձել այդ ցուցանիշով: Նա գոլային փոխանցումների թիվը հասցրեց 4-ի, ինչը լավագույն արդյունքն է Ազգերի լիգայի բոլոր դիվիզիոններում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով: Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի մակեդոնացիների հետ։