Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներից Սամվել Գևորգյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ գյումրեցի ըմբիշն ունի բարձր ջերմություն:


«Արթուրն ունի բարձր ջերմություն: Նրա ինքնազգացողությունը լավ չէր նաև երեկ: Կասկածում ենք, որ նա կարող է վարակված լինել կորոնավիրուսով: Բելգրադ մեկնելուց առաջ բոլորս թեստ ենք հանձնել, և բոլոր պատասխանները բացասական էին: Թիմի մարզչական շտաբը որոշել է Արթուրին թույլ չտալ գոտեմարտել այսօր: Հայաստան վերադառնալուց հետո նա դարձյալ թեստ կհանձնի»,- զրույցում նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում վիճահարույց մրցավարության պայմաններում 1։5 հաշվով պարտվել էր ռուս Մուսա Եվլոևին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Միակ սփոփիչ գոտեմարտում գյումրցի ըմբիշը պետք է գոտեմարտեր բուլղարացի Կիրիլ Միլովի հետ: Միլովը բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ:

Դեկտեմբերի 14-ին մեդալի համար կպայքարի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Օվասապյանը ևս պայքարի մեջ էր մտել դեկտեմբերի 13-ին և 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0:8 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմենովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Օվասապյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Միկոլա Կուչմիին:

10 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը նախորդ 2 մրցումային օրերի արդյունքում նվաճել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) գրավել է երկրորդ տեղը, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվել էր բրոնզե մեդալի համար պայքարում: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք հաջողության չեն հասել:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 16-18-ը աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հանդես կգա 8 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):