Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում պատմության մեջ առաջին անգամ 3 հաղթանակով մեկնարկած Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում հայկական թիմը կմրցի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։

Առաջին դիմակայությունը

Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները կհանդիպեն առաջին անգամ։ Եթե խորվաթները պատրաստվում են հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին, ապա Հայաստանի հավաքականի համար սա կարևոր փորձ կլինի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերին կայանալիք հանդիպումներից առաջ։ Հաշվի առնելով Հայաստանի հավաքականի նորացված հայտացուցակն ու մի շարք առանցքային խաղացողների բացակայությունը՝ հասկանալի է դառնում, որ առաջիկա խաղում չափազանց բարդ է լինելու այդպիսի մրցակցի հաղթելը։ Սակայն Խորվաթիայի հավաքականը Եվրո-2020-ի նախաշեմին կարող է փորձարկել երկրորդ կազմի խաղացողներին՝ օգտագործելով նրանց գործի մեջ տեսնելու հնարավորությունը։

Նախորդ խաղերը

2 թիմերն էլ նախորդ հանդիպումներն անցկացրել են ԱԱ-2022-ի ընտրական փուլում։ Հայաստանի հավաքականը մարտին հաղթել է Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2։0) ու Ռումինիայի (3։2) հավաքականներին, իսկ խորվաթները պարտվել են Սլովենիային (0։1) և ուժեղ գտնվել Կիպրոսից (1։0) ու Մալթայից (3։0)։

Խոակին Կապառոսի առաջին ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականում

Իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո աշխատանքը սկսեց Ազգերի լիգայի մրցաշարում, որին հաջորդեց աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Սա Կապառոսի առաջին հնարավորությունն է Հայաստանի հավաքականին տեսնել ընկերական խաղում, փորձել տարբեր մտահղացումներ ու նոր խաղացողների, թեև իսպանացի մարզիչն անսպասելի որոշումներ էր ընդունում նաև պաշտոնական խաղերում։ Հանձինս Կապառոսի՝ Հայաստանի հավաքականը վերջապես ունի համարձակ որոշումներ ընդունող մարզիչ, ինչը ավելի սպասելի է դարձնում առաջիկա 2 ընկերական խաղերում նորարարություններ տեսնելու հավանականությունը։

Ի՞նչ սպասել Հայաստանի հավաքականից

Այն, որ Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ է անցկացնելու Խորվաթիայի ու Շվեդիայի պես ուժեղ հավաքականների հետ, ամենևին էլ պատահական չէ։ ԱԱ-2022-ի ընտարական փուլում հաջող ելույթներն ու խմբի առաջատար դառնալը հնարավորություն է տվել խաղալ ուժեղ հավաքականների դեմ։

Խոակին Կապառոսի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելուց հետո ազգային թիմում համարձակ որոշումների պակաս չի զգացվում։ Եթե իսպանացի մասնագետը «զարմացնում» էր պաշտոնական խաղերում, ապա սպասելի է, որ ընկերական հանդիպումներում կլինեն ավելի մեծ «ռիսկեր»։ Մեծ է հավանակությունը, որ առաջիկա 2 խաղերում գործի մեջ կտեսնենք հավաքական հրավիրված բոլոր խաղացողներին: Այն, որ այս հավաքին չեն մասնակցում մի շարք առանցքային խաղացողներ, դա լավ հնարավորություն է քիչ խաղաժամանակ ունեցող խաղացողների ու թիմի նորեկների համար։ Այս հավաքի ընթացքում ռոտացիա կիրառելն ավելի քան հավանական է, քանի որ այս խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ:

Հզոր մրցակիցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Խորվաթիայի հավաքականը զբաղեցնում է 14-րդ տեղը (Հայաստանը 90-րդն է)։ 2018թ. Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում պատմական նվաճման հասնելուց հետո Խորվաթիայի հավաքականի խաղում անկում է նկատվում, սակայն թիմում աստղային ֆուտբոլիստների պակաս չի զգացվում։ 2017 թվականից Խորվաթիայի հավաքականը գլխավորում է 57-ամյա մասնագետ Զլատկո Դալիչը, որին հաջողվեց նոր խաղամակարդակի հասցնել ազգային թիմին։ Առաջիկա ընկերական խաղերով խորվաթները կպատրաստվեն Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարին, որի խմբային փուլում կմրցեն Անգլիայի, Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականների հետ։ Չնայած աշխարհի գործող փոխչեմպիոնի կարգավիճակին՝ Խորվաթիայի հավաքականը Եվրո-2020-ի ֆավորիտների թվում չէ, թեև թիմի հաջող ելույթը, երևի, անակնկալ չի լինի ոչ ոքի համար։

 

Համեստ մրցավայրը

Հանդիպումը տեղի կունենա խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքի քաղաքային ստադիոնում, որտեղ Խորվաթիայի հավաքականը հանդես կգա պատմության մեջ առաջին անգամ։ 1987 թվականին կառուցված ստադիոնը հյուրընկալում է 5200 հանդիսական, թեև նախնական տվյալներով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականները։ Ընդամենը 2 տրիբունա ունեցող համեստ ստադիոնը մի քանի անգամ վերակառուցվել է, իսկ նախորդ անգամ վերանորոգվել է 2019 թվականին։ Այս ստադիոնում տնային խաղերն անցկացնում է Խորվաթիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Գորիցա» ակումբը։ Վելիկա Գորիցան մեծությամբ 7-րդ քաղաքն է Խորվաթիայում, իսկ բնակչությունը կազմում է մոտ 65 հազար մարդ։ Խորվաթիա ժամանելուց հետո Հայաստանի հավաքականը հանգրվանել էր մայրաքաղաք Զագրեբում, իսկ նախօրեին նախախաղային մարզում էր անցկացրել Գորիցայի ստադիոնում։

 

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Խորվաթիայի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.18 գործակցով։ Հայկական թիմի հաղթանակը ստացել է 15.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6.50։

Ընկերական հանդիպում

Խորվաթիա - Հայաստան՝ 20։00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Լուկա Բիլբիյա (Բոսնիա-Հերցեգովինա)