13 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթային մրցաշար վերադարձած Երևանի «Արարատն» ավարտեց ելույթը Կոնֆերենցիաների լիգայում: ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշարի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիրը չկարողացավ հաղթահարել լեհական «Շլյոնսկի» արգելքը:

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 2:4 հաշվով, իսկ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հուլիսի 29-ին անցկացված պատասխան հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:


Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Շլյոնսկի» սլովակ հարձակվող Ռոբերտ Պիխը, սակայն արագ գոլը չընկճեց Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմին: Առաջին խաղակեսում «Արարատը» բավական համարձակ ֆուտբոլ էր խաղում և մի քանի գոլային պահ կորցնելուց հետո կարողացավ ոչ միայն խփել պատասխան գոլը, այլև առաջ անցնել հաշվի մեջ: Խաղակեսի վերջնամասում երևանյան ակումբից 2 րոպեում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն:

Ընդմիջումից հետո դաշտի տերերը մեծ ճնշում էին գործադրում «Արարատի» դարպասին, իսկ 58-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում: 66-րդ րոպեին «Շլյոնսկը» նաև առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլ ձևակերպեց Ռոբերտ Պիխը, որը 2 գոլ էր խփել նաև Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում:

Հանդիպման վերջին րոպեին «Արարատը» կարողացավ կրճատել հաշիվը փոխարինման դուրս եկած Յակուբա Սիլուեի գոլի շնորհիվ, սակայն ավելին անել չհաջողվեց: Երկխաղյա դիմակայությունում լեհական ակումբը հաղթեց 7:5 հաշվով:

«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան դարձյալ չէր ընդգրկվել լեհական ակումբի հայտացուցակում:

Որակավորման երրորդ փուլում «Շլյոնսկը» կմրցի իսրայելական «Հապոել Բեր Շևայի» հետ, որը 2 խաղերի արդյունքում ուժեղ գտնվեց բուլղարական «Արդայից» (2:0, 4:0):

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր հունգարական «Ֆեհերվարին» (1:1, 2:0), իսկ «Շլյոնսկը» պարտության էր մատնել էստոնական «Պայդեին» (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում «Շլյոնսկը» զբաղեցրել է չորրորդ տեղը:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Շլյոնսկ» (Լեհաստան) – «Արարատ» (Հայաստան)՝ 3:3 (առաջին հանդիպում՝ 4:2)

Ռոբերտ Պիխ, 2 66, Սիմոն Լևկոտ, 58 – Մորի Կոնե, 41, 43, Յակուբա Սիլուե, 90

«Արարատ». Վսևոլոդ Երմակով, Խուան Բրավո, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Դիմիտրիե Պոբուլիչ (Իսահ Ալիյու, 79), Դավիթ Մանոյան (Գոռ Մալաքյան, 73), Ալիկ Առաքելյան (Իգոր Ստանոևիչ, 63), Էդգար Մալաքյան (Ռազմիկ Հակոբյան, 63), Սերժ Դեբլե (Յակուբա Սիլուե, 73), Մորի Կոնե: