Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական ակումբի կազմում նորամուտը կնշի սեպտեմբերի 11-ին: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը, փոխանցում է Daily Mail-ը:

Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում մանչեսթերցիներն «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կընդունեն «Նյուքասլին»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։

Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):