2017 թ. մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից Կոլյա Կարապետյանը, որը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ վատանալով, շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության:

Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր արյան զեղում` գլխի շրջանում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվել է նաև երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը:

Մեր մարզիկը, որն այժմ վերականգնողական փուլում է, պարզվում է` դժվարին իրավիճակում է հայտնվել, ինչի մասին ահազանգում են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից.

«Ճիշտ է «Մինսկի քաղաքային շտապ օգնության» հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատև բուժման կարիք ունի և դեռևս հնարավոր չէ տեղափոխել Երևան:

Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելառուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը: