Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ: Հաղթանակի դեպքում գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ֆելիքս Բալդաուդ (Նորվեգիա) – Դանիել Գաստլ (Ավստրիա) զույգի հաղթողի հետ:

Կարապետ Չալյանը եւս պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ ուժերը չափելով Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ: Այդ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի կամ խորվաթ Բոզո Ստարցեւիչի, կամ գերմանացի Պասկալ Էիսելեի հետ:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հոկտեմբերի 27-ին Շահինյանը առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսի հետ:

Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Կարեն Ասլանյանը (67 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չէր նվաճել Բուդապեշտում: Հայաստանի թիմի կազմում հանդես էին եկել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Սաֆարյանը եւ Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում, իսկ մյուսները պարտել էին մեկնարկում: