Այսօր «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել դանակահարված երիտասարդ, ով, գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առնչության Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ դանակահարության վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը ստացել է, համաձայն որի՝ փետրվարի 13-ին՝ ժամը 1:20-ին, հիվանդանոցից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված Սամվել Ս.-ն:

«Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության ՔԿՎ և Էրեբունի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 13-ին՝ ժամը 1-ի սահմաններում, Երևանի Վարդաշեն 12 փողոցում վիճաբանության ընթացքում 1986 թվականին ծնված Աբրահամ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Սամվել Ս-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ նույն օրը ժամը 6:30-ի սահմաններում նշված հասցեից բերման է ենթարկվել Աբրահամ Ա.-ն, ով դեպքի առթիվ խոստովանական բացատրություն է տվել:

Ինչ վերաբերում է Սամվել Ս.-ին, ոստիկանությունից հայտնեցին, որ փետրվարի 13-ի առավոտյան «Էրեբունի» ԲԿ-ում գիտակցության չգալով մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: