Երեւանում ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ 49-ամյա Ավետիս Բ.-ն է. նա վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։


Մինչ բժիշկերը բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Շահումյան 6-րդ փողոցի թիվ 7 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ավետիս Բ.-ի եւ նույն փողոցի բնակիչ 49-ամյա Արթուր Ա.-ի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել եւ վիրավորել Ավետիս Բ.-ին:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արթուր Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ ներկայացրել նաեւ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Արթուր Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ավետիս Բ.-ն անհատ ձեռներեց է։