Երեւանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը պետք է համալրվեր Գանայից եկած աշխատողներով, որոնք պետք է մասնակցեն քաղաքի մաքրմանը:

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում աշխատանքի է ընդունել ոչ միայն Գանայից, այլեւ Հնդկաստանից եկած աշխատակիցներին, քանի որ մի քանի ամիս է՝ վարորդի եւ բանվորի թափուր աշխատատեղերը չեն համալրվում տեղացի աշխատողներով:

Մեզ հասած տեղեկություններով՝ այդ աշխատանքները կատարելու համար մեծ է եղել հնդիկ ուսանողների հետաքրքրվածությունը, սակայն քաղաքապետարանը մինչ օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը փորձել է այսպես ասած շանս տալ տեղացիներին, բայց այդպես էլ ոչ ոք չի դիմել:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում վարորդի «մաքուր» աշխատավարձը 220.000 դրամ է, իսկ բանվորինը՝ 160.000 դրամ: Ավելին՝ քաղաքապետարանը այդ աշխատանքի համար նախատեսել է նաև պարգեւավճարներ:

Մեր տեղեկությունները հաստատեց նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը: «Ընդունել ենք աշխատանքի մեկ հնդիկի եւ մեկ նիգերիացու, որովհետեւ տեղացիները զլանում են այդ աշխատանքը կատարել, իսկ սթաֆը պետք է համալրել»,- ասաց Արմեն Գրիգորյանը: