Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա:
Միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ:
Սրտանց ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալ:
Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է մնում՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը»,-հայտարարել է Նոյերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Փոխհրաձգության ժամանակ մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին եւ 2-ամյա աղջիկ: Դեռեւս անհայտ է, նրանք մահացել են Արցախի զինուժի պատասխան հարվածների՞ց, թե Ադրբեջանի զինուժն ինքն է հրետակոծել սեփական գյուղը: