Դեռևս 2012թ մարդահամարի տվյալներով Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում պաշտոնապես գրանցված 25,000 հայ է բնակվում: Սակայն իրականում հայերի քանակը մարզում հասնում է 50,000-ի:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի Կալուգայի թղթակիցը, հայկական համայնքն այնտեղ համախմբված չէ:

Մարդիկ շատ պասիվ են, ներգրավված չեն մշակութային, հասարակական կյանքին: Երիտասարդներից ու ակտիվիստներից բացի, մյուսներն ապրում են իրենց հոգսերով:

Մեր թղթակցի տեղեկացմամբ, վերջերս՝ դեկտեմբերի 7-ին, հայկական սրճարաններից մեկում 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի նվիրված երեկո է կազմակերպվել, որի ժամանակ հնչել է հայկական դուդուկ և ցուցադրվել է երկրաշարժին նվիրված ֆիլմ:

Երեկոյի ընթացքում, երբ հայուհին կատարել է հայկական «Դլե յաման» երգը, պարզվել է, որ աղջիկը հայերեն չի իմացել և պարզապես երգել է: Խնդիրն այն է, որ հայկական այդքան մեծ համայնք ունեցող մարզում հայկական կրթություն չեն ստանում:

Մեր թղթակցի տեղեկացմամբ, մեծաքանակ հայ համայնքը Կալուգայում չունի անգամ կիրակնօրյա հայկական դպրոց, և չունի ոչ թե այն պատճառով, որ թույլ չեն տալիս, կամ հնարավորություն չկա, այլ հայկական կիրակնորյա դպրոց այցելելու ցանկություն ունեցողներ չկան:

Ո՞րն է պատճառը, որ հայերը չեն ցանկանում հայկական կրթություն ստանալ և ինչու՞ է հայկական այդքան մեծ համայնքը ՌԴ-ում այդքան պասիվ:

Առաջիկայում մեր թղթակիցն ավելի մանրամասն տեղեկատվություն կհաղորդի այս ամեն մասին:

 

Արմինե Ավետիսյան

Կալուգա