ԵՄ երկրները նախատեսում են Ուկրաինային հատկացնել առնվազն 6 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով երեք եվրոպացի դիվանագետների։ Միջոցները կուղղվեն Կիևի ռազմավարական դիրքերի ամրապնդմանը մինչև Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնարկը։ Ակնկալվում է, որ փաթեթը կներառի ռազմական աջակցության լայն շրջանակ՝ սկսած 1,5 միլիոն հրետանու մատակարարումից մինչև հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր: Դա կարող է լինել ԵՄ-ի ամենամեծ ռազմական օգնության փաթեթներից մեկը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո: Ակնկալվում է, որ օգնության ծրագիրը կներկայացվի եվրոպացի պաշտոնյաների Կիև խորհրդանշական այցի ընթացքում, որը նախատեսված է փետրվարի 24-ին։
Երկու դիվանագետներ ընդգծել են, որ 6 միլիարդ եվրոյի թիվը դիտվել է որպես ելակետ: Ընդհանուր արժեքը կարող է աճել մինչև 10 միլիարդ եվրո կամ ավելի, քանի որ ԵՄ երկրները շարունակում են վերանայել իրենց տարբերակները՝ որոշելու, թե ինչ ռեսուրսներ կարող են ուղարկվել Ուկրաինա: Բացի այդ, դաշինքի անդամ երկրները կարող են ներդնել ինչպես նյութական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներ, իսկ ֆինանսական ներդրման չափը կախված կլինի նրանց համախառն ազգային եկամուտից, նշել է աղբյուրներից մեկը։
Նման լայնածավալ փաթեթի պատրաստումը կլինի Ուկրաինային աջակցելու ԵՄ վճռականության նշան, հատկապես Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցությունների ֆոնին, որին հրավիրված չեն Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներ։ Ռազմական աջակցության ավելացումը թույլ կտա Ուկրաինային համալրել իր զինված ուժերը, արդյունավետորեն դիմակայել ռուսական հարձակումներին առաջնագծում և ապահովել իր քաղաքների պաշտպանությունը օդային հարվածներից։ Միևնույն ժամանակ, դա կամրապնդի ԵՄ դիրքերը, որը ձգտում է մասնակցել բանակցություններին, նշում է պարբերականը:
Այնուամենայնիվ, եվրոպական օգնության փաթեթի մանրամասները դեռ քննարկվում են, և դեռ պարզ չէ, թե արդյոք կարելի է կոնսենսուսի հասնել ԵՄ բոլոր անդամների միջև։ Դիվանագետներից մեկը նշել է, որ Հունգարիան, ամենայն հավանականությամբ, կհայտնի իր անհամաձայնությունը՝ անհավանական դարձնելով միաձայն հավանությունը: