Եվրամիության բանակները բախվում են հեռահար հրթիռների խիստ պակասի, ինչը վտանգ է ներկայացնում Եվրոպայում ՆԱՏՕ պաշտպանական կարողությունների համար: Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով դաշինքի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ երկրները խնդիրների են բախվել նաեւ ռազմական լոգիստիկայի առումով։ Բացի այդ, եվրոպական երկրները չեն կարող ապահովել ՀՕՊ միասնական համակարգ։

Պաշտոնյաները FT-ի հետ զրույցներում խոստովանել են, որ Եվրամիությունը չափազանց կախված է Միացյալ Նահանգներից հեռահար հրթիռների եւ այլ կարեւոր սպառազինությունների համակարգերի մատակարարման հարցում: Եթե ՆԱՏՕ-ի նկատմամբ ​​ԱՄՆ քաղաքականությունը փոխվի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, Եվրոպան կվտանգի կորցնել իր պաշտպանական ներուժը։

«Ֆանտաստիկա է, որ [Եվրոպան] այժմ հսկայական քանակությամբ հրետանային արկեր է արտադրում Ուկրաինայի համար։ Բայց ի՞նչ կասեք ժամանակակից զինամթերքի եւ հեռահար հրթիռների, հաջորդ սերնդի զենքերի մասին: Սրա համար կա միայն Ամերիկան»,- թերթին ասել է պաշտոնյաներից մեկը։ Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանքենը նույնպես նշել է, որ ԵՄ հիմնական պաշտպանական համակարգերի մեծ մասն այժմ արտադրվում է ԱՄՆ-ում։

«Առանց նրանց [ամերիկացիների] մենք չենք կարող իրականացնել որեւէ բարդ ռազմական գործողություն կամ նույնիսկ պարզ առաջադրանքներ իրականացնել»,- ավելացրել է ՆԱՏՕ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Քամիլա Գրանդը: