Եվրոպան պատրաստ է ինքնուրույն դիմակայել Չինաստանի կամ Ռուսաստանի սպառնալիքներին, եթե Միացյալ Նահանգները որոշի նվազեցնել իր ներդրումը հավաքական անվտանգության մեջ։ Այս մասին «РБК-Украина»-ի հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեթսոլան։


«Մեր պաշտպանության եւ անվտանգության ամրապնդումը մեր առաջնահերթությունն է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ԵՄ-ը 30 տոկոսով ավելացրել է պաշտպանության ընդհանուր ծախսերը եւ զգալի առաջընթաց է գրանցել համատեղ պաշտպանական գնումների եւ զինամթերքի արտադրության ընդլայնման հարցում: Պաշտպանության եվրոպական հիմնադրամի միջոցով այն աջակցում է անդամ երկրներին նորարարական պաշտպանական տեխնոլոգիաների եւ սարքավորումների մշակման գործում:

«Բացի այդ, առաջին անգամ մենք ունենք պաշտպանության հարցերով եվրահանձնակատար, եւ Եվրախորհրդարանը բարձրացրել է իր պաշտպանության ենթահանձնաժողովի կարգավիճակը՝ դառնալով լիարժեք հանձնաժողով: Սրանք կարեւոր քայլեր էին, բայց մենք պետք է ավելին անենք, եւ մենք դա կանենք»,- ավելացրել է Մեթսոլան:

Եվրախորհրդարանի նախագահը նշել է, որ ԵՄ իրական խնդիրը մասնատվածությունն է։ «Մինչ ԱՄՆ-ը օգտագործում է 30 սպառազինության համակարգ, Եվրոպան ունի 178-ը: Հատվածայնացումը նշանակում է ավելի մեծ ծախսեր եւ անարդյունավետություն: Մեզ անհրաժեշտ է պաշտպանական արդյունաբերության միասնական շուկա։ Ի վերջո, ինչպես տեղին ասել է վարչապետ Տուսկը, «աշխարհաքաղաքական աութսորսինգի ժամանակն անցել է»,- նշել է Մեթսոլան:

«Եվ այսպես, պատասխանելով ձեր հարցին. մենք պատրաստ կլինենք»,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե արդյոք Եվրոպան կարող է ինքնուրույն դիմակայել Չինաստանի կամ Ռուսաստանի սպառնալիքներին: