Մոսկվայում այս շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը։
Հանդիպումը տեղի է ունենալու հունվար 27-ին Մոսկվայում, հայտնում է РБК հեռուստաալիքը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցելու է Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։
Բանակցային նման ձևաչափի մասին կողմերը պայմանավորվել էին հունվարի 11-ին՝ երեք պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Փոխվարչապետները քննարկելու են միանգամից մի քանի հավանական ծրագիր Հայաստանով Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային ճանապարհի կառուցման, ինչպես նաև՝ Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հարցը։
«Բաքուն ցանկանում է նաև հասնել նրան, որ կառուցվի ճանապարհային մայրուղի, փոխարենը Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ հաղորդակցության ճանապարհ»,- РБК-ին հայտնել է ռուսական դիվանագիտական ներկայացուցիչը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխվարչապետները քննարկելու են նաև Նախիջևանով Հայաստանն Իրանի հետ կապելու առաջարկը։