Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու կամ քննարկման առարկա դառնալու։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԽ-ի ձայնագրության հրապարակումը նաև տեղեկատվական տեսանկյունից վտանգավո՞ր չէ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մենք Ադրբեջանի հետ մշտապես տեղեկատվական պատերազմի մեջ ենք։
«Նախարար նշանակվելուց հետո սկզբունքորեն գտնում եմ, որ մեր ոլորտում կան թեմաներ և մասնավորապես անվտանգային, ռազմաարդյունաբերության թեմաները։ Դրանք պետք է լինեն բացարձակ փակ թեմաներ։ Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու, առավել ևս քննարկման առարկա դառնալու»: Նախարարը միաժամանակ ասաց, որ նախարարության դռները բաց են բոլորի առաջ և համապատասխան ստորաբաժանումները, որոնք զբաղվում են այդ խնդիրներով, պատրաստ են առանձնահատուկ ուշադրություն դարձնել և քննարկել ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն։ «Տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական գրագիտության, մշակույթի մակարդակը մեզ մոտ էապես պետք է բարձրացնել, եթե ուզում ենք իրապես հաղթել»,- ընդգծեց նա: