Facebook-ի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյխերը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ սոցցանցն արգելում է իր հարթակում ռուսական պետական լրատվամիջոցների գովազդն ու դրամայնացումը։
Twitter-ն իր հերթին հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի բնակիչների համար գովազդի դադարեցման, ինչպես նաև առաջարկվող թվիթների ժամանակավոր դադարեցման մասին՝ ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար, փոխանցում է Bloomberg-ը։ Նշվում է, որ սոցցանցն ակտիվորեն հետևում է ռիսկերին՝ կապված Ուկրաինայում ընթացող հակամարտության հետ՝ փորձելով վեր հանել կեղծ և մոլորեցնող տեղեկատվության տարածման փորձերը։
Իր հերթին ամերիկյան Google ընկերության եվրոպական ստորաբաժանումը հայտնել է վերջին մի քանի օրերին յութուբյան հարյուրավոր ալիքների և հազարավոր տեսանյութերի ջնջման մասին։ Google-ում հայտնել են նաև ուկրաինական ճգնաժամի հետ կապված անբարեխիղճ գովազդի արգելափակման մասին։