Ադրբեջանի նախագահի աշխատակազմը լրատվամիջոցներին սպառնում է պատժել անհնազանդության համար: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախագահությամբ լրատվամիջոցների և նախարարությունների ու գերատեսչությունների մամուլի ծառայությունների ղեկավարների խորհրդակցություն է տեղի ունեցել:
Հայտնի է, որ խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի պետի տեղակալ Նովրուզ Մամեդովը, նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, իրավապահ մարմինների հետ աշխատանքների գծով բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսքերովը, քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովվածության բաժնի ղեկավար Սահադաթ Յուսիֆովան, օրենսդրության և իրավական փորձաքննության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը և այլոք:
Նախագահական աշխատակազմի ղեկավարը մանրամասնորեն անդրադարձել է օգոստոսի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրացման ժամանակ լրատվամիջոցների աշխատանքին:
Ռ. Մեհթիևը մասնակիցների ուշադրությանն է հրավիրել ադրբեջանական օրենսդրության, մասնավորապես՝ պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջները խախտող շատ կայքերի ոչ պրոֆեսիոնալ և ապօրինի գործունեությանը: Նրա խոսքով՝ այդ կայքերը փաստացիորեն հայկական հետախուզությանը տեղեկություններ հաղորդող գործակալների դեր են կատարում:
Վարչակազմի ղեկավարը լրատվամիջոցներին նախազգուշացրել է, որ սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական անկախության, ինչպես նաև ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած փորձ կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
Մեհթիևը քննադատել է «Ադրբեջանի մասին կեղծիք և հերյուրանք» տարածող որոշ ռազմական փորձագետների գործունեությունը: Մասնավորապես, նշել է փորձագետ Ուզեիր Ջաֆարովին և պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովին: