Մաղթանքի խոսք, կամ բարի ցանկանալ մեր նոր սերունդին. նպատակս է այս… Սակայն ի՞նչ բառերով, ո՞րը գործածեմ այն հազարավոր ադամանդակուռ բառերից, որով հարուստ է մեր հին լեզուն, և որոնք խճողվում են այս րոպեիս իմ գրչի ծայրին: Կամ ո՞րը ընտրել այն անհամար ոսկեձույլ կաղապարներից, որոնք կոփել են դարերից ի վեր մեր գրիչները, ձուլելու համար իմ զգացմունքը` այն նորընծա ճյուղի հասցեին, որ վաղվա սաղարթախիտ ծառն է լինելու հնամենի բնին մեր ժողովրդի: Ինչ էլ որ ասեմ, ինչ էլ որ գրեմ, չեմ կարող հնարել ավելին, քան նրանք ունեն… Այն բարիքների բարիքը, որ երիտասարդություն անվանում ենք մենք թեթև սրտով ու հանդարտ անցնում:
Մնում է միայն ցանկանալ մատաղ սերնդին, որ նա հասկանա ու գնահատի այդ անկրկնելի երջանկությունը` երիտասարդությունը, որ իր բաժինն է այսօր, և որը վաղը կլինի միայն մի անցավոր հուշք, և հասկանալուց ու գնահատելուց բացի ըմբռնի և այն պարտականությունը, որ այդ, թեև անցավոր, բայց իր էության մեջ անսգյուտ, ոսկե գեղմը,- կրկնում եմ,- երիտասարդությունը դնում է նրանց այսօր ազազուն, բայց վաղը հսկա, մանուկ ուսերին:
Պարտականությունների պարտականությունը և կշիռ չճանաչող այն ահավոր շեղջակույտը, որ նրանց հայրերը կոփեցին, նախ կատարվածը պահելն է: Պահպանել նրան ամեն վտանգից, եղածից ու լինելիքից, և պահելուց բացի այդ սրբազան ավանդի զարգացման բնական ճանապարհները հարդարել ու պատրաստելն է, որով միայն կլինի նոր սերունդը արժանի ժառանգ իր նախորդներին: Սկսվածը շարունակողը և դեռևս չլրացածը ի կատար ածող այն ստեղծագործ ուժը, նախորդների հոգատար շնչով ստեղծված կայծը, որը այսօր բոց, բայց վաղը հրդեհ դառնալու համար ամեն մի խավար փարատող այն հսկա ջահը, որով նախորդ սերունդը ուզեց լուսավորել և լուսավորեց բոլոր հորիզոնները գալիք մարդկության:
Կարենալ ի կատար ածելու համար այս ահավոր պարտականությունը, որ և երջանկություն է միևնույն ժամանակ, որ նախորդները ժառանգ թողեցին ներկա սերնդին, անհրաժեշտ է նախ առողջություն, պողպատյա ջղեր, հորիզոններ ընդգրկող աչքեր, ժամանակներին խոսող քամի ու որոտ ձայն, ամեն ինչ` կյանք, երջանկություն, սրտի ձայնն անգամ, պատմության կշռին կարենալ նետելու չափ անձնազոհություն, և գաղափարի պաշտամունքը` որպես դավանանք:
Այս բոլորը և մի բան էլ ավելին ցանկանում եմ քեզ, դու ոսկե բողբոջ, ճապուկ կանաչ ճյուղ իմ պապենական խորարմատ ծառի:
Սիրարփի Մարգարյան