«Կոնկրետ չէի ասի շատ բացթողումներ, մեծ խնդիրներ կան, իհարկե, լավ կլինի միշտ ավելի բարձր մակարդակով մեր մշակույթը ներկայացվի և փոխանցվի հաջորդ սերունդներին, բայց չէի ասի հիմա դրա պակասը շատ կա»,- YerevanNews.am-ի հետ զրույցում իր կարծիքով կիսվեց երգիչ Գուրգեն Դաբաղյանն՝ անդրադառնալով ազգային մշակույթի հարուստ ժառանգությունը՝ մասնավորապես, հայ երաժշտության բացառիկ նմուշները պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հիմնախնդրին: Երգիչն այս առումով որոշակի դրական միտումներ է նկատում՝ընգծելով, որ այժմ վիճակն անհամեմատ ավելի բարվոք կարելի է համարել, քանի տարիներ առաջ:

Ըստ Գուրգենի, ազգային երաժշտության լսարանը շատ մեծ է, այն պահանջարկ ունի թե՛ ավագ, թե՛ ավելի երիտասարդ սերնդի շրջանում՝ անկախ սեռատարիքային պատկանելությունից:
«Կարծում եմ բոլոր սերունդներն էլ պատրաստ են ընդունել և հասկանալ իսկակն հայ երաժշտությունը, եթե դա ճաշակով և ճիշտ է մատուցվում: Այստեղ կարևորն այն է, թե ինչ ֆորմատով և ինչ փաթեթավորմամբ է դա արվում:»

Երգիչն անդրադարձավ նաև վերջերս շուրջ մեկ տարի առաջ սկիզբ դրված նախագծին և դրա շրջանակներում գրանցած ձեռքբերումներին: Խոսքը «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի մասին է, որի շրջանակներում հայ երաժշտության տարբեր ժանրերի՝ ժողովրդական, հոգևոր, գործիքային, աշուղական ընդհանուր թվով ավելի քան 500 նմուշներ հավաքագրվեցին, նոտայագրվեցին ու ձայնագրվեցին:

«Սա մի հրաշալի նախագիծ է, որին մասին դրականից բացի ոչինչ հնարավոր չէ ասել: Այս ամենի անհրաժեշտությունն իսկապես կար, և այն մարդիկ, ովքեր հանդես են եկել այս նախաձեռությամբ, իսկապես գիտակցել են դրա կարիքը:Ես միայն կարող եմ շնորհակալ լինել բոլոր նրանց, ում մոտ ծնվել է այս մտահղացումը», - նշեց Դաբաղյանը:

Երիտասարդ երգիչը հատկապես կարևորում է ազգային երաժշտության հասանելիությունը համացանցում, քանի որ ժամանակակից երիտասարդությունը որպես տեղեկատվության հիմնական աղբյուր նախընտրում է հենց այն: Այս առումով Դաբաղյանը ողջունում է «armenianmusic.am» կայքի ստեղծման գաղափարը, որն իրենից ներկայացնում է էլեկտրոնային երաժշտական ձայնադարան:

Այստեղ տեղ գտած յուրաքանչյուր նմուշ ունի իր այսպես կոչված «անձնագրային տվյալները»՝ պատկերային իլուստրացիան, նոտաները, տեքստը: