Այսօր լրանում է երկու տարին, ինչ կյանքից հեռացել է երիտասարդ և տաղանդավոր դերասան Երվանդ Ենգիբարյանը: YerevanNews.am-ը կապ հաստատեց Երվանդի գործընկեր, ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ:

Ճիշտ է, ես Երվանդի հետ խաղացել եմ ընդամենը մեկ ներկայացման մեջ, բայց դա էլ բավական էր հասկանալու համար, թե որքան բարի, ընկերասեր, հրաշալի մարդ էր և որքան շնորհալի դերասան:

Անդրադառնալով Ենգիբարյանի մահվանից հետո թատրոնում տիրող իրավիճակին և չարախոսություններին`Նորա Գրիգորյանը նշեց, որ թատրոնում իսկապես ծանր և դժվար ժամանակահատված էր, բայց պետք չէր մոռանալ, որ դա պետական թատրոն է, այլ ոչ թե թատերական խմբակ, որտեղ մարդիկ կարող են խաղալ, կամ չխաղալ պրեմիերա:

Այո, մենք պրիմիերա ունեինք, որտեղ պետք է ներկայանայինք ավելի լավ դեմքով և ցույց տայինք մարդկանց, որ կատարված դժբախտությունը մեզ ավելի է մտերմացրել և դարձրել միասնական: Այդ ընթացքում իմ հասցեին մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցին ու գրվեցին, որոնցից մի քանիսին ես պատասխանել եմ, որի համար փոշմանում եմ, որովհետև ինձ սազական չէր, պարզապես չէի կարողանում թույլ տալ, որ սուտը ճշմարտության փոխարեն ներկայացնեն:

Ի՞նչ հարց կտայիք Երվանդին, եթե հնարավոր լիներ:

Երևի կհարցնեի,- Վանդիկ, հոգնել ես չէ՞:
Որովհետև ինքս էլ եմ հոգնել այս ամենից, անվերջ հարցազրույցներից, ծիծաղելի ֆրազաներից, անհեթեթ նոր մտքերից ու վերլուծումներից: Ուղղակի ուզում եմ բարձրաձայնել,- Եկեք փակենք այդ տհաճ խոսակցություններն ու թեմաները:
Անցավ երկու տարի... Պետք է մոռանալ ամեն ինչ և ներսում պահել հիշողության մասնիկ մեր գործընկերոջ, ընկերոջ, սիրված անձնավորության և լուսավոր տղայի` Երվանդ Ենգիբարյանի համար: