«Ծննդյանս տոնից հետո Նորին Տարին իմ ամենասիրած տոնն է: Սիրում եմ այն, ինչ սկիզբ է խորհրդանշում, փոփոխություն է բերում»,-այսպես սկսեց իր խոսքը ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը YN.am-ի հետ ունեցած տոնական հարցազրույցի ընթացքում:

2015-ն ինձ համար ձեռքբերումների տարի էր, չնայած ստիպված եղա որոշ դժվարություններ հաղթահարել: Վերջերս անընդհատ ասում եմ, որ ես մեծացել եմ վերջին երկու տարիների ընթացքում: Մինչ այդ փոքրիկ աղջիկ էի, որ կյանքին վարդագույն ակնոցներով էր նայում: Ուզում եմ 2016-ը հետ բերի վարդագույն ակնոցներս:


Պատասխանելով հարցին, թե ամանորյա ուտեստներից իրեն ո՞ր մեկն է բաժին հասնում պատրաստել, գեղեցկուհի Լիլին կատակեց.
Քանի որ չեմ ուզում, որ մեր հյուրերը տարին ստամոքսի խանգարումով սկսեն, ես ավելի լավ է հեռու մնամ խոհանոցից:


Ո՞րն է Ձմեռ Պապիկի նվիրած ամենահիշարժան նվերդ:

Անկեղծ ասած Ձմեռ Պապիկից ստացած իմ բոլոր նվերներն էլ հիշարժան են եղել: Հիշում եմ, երբ փոքր էի, Ձմեռ Պապիկին նամակ էի գրում խնդրելով ինձ բերել ամենաանհավանական ու անհեթեթ նվերները ու համոզված էի, որ բերելու է: Ու բերում էր: Չգիտեմ, ծնողներս ինչպե՞ս էին կարողանում իմ վառ երևակայությունն ի կատար ածել:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ կուզես նվիրի Ձմեռ պապիկը քեզ այս տարի, մեր զրուցակիցը պատասխանեց` ձնծաղիկ եմ ուզում ձմռան կեսին:

Թող գալիք տարին հաջողության, խաղաղության, ներդաշնակության և երջանկության տարի լինի յուրաքանչյուրի համար:
Ակամա հիշեցի Վարդան Պետրոսյանի խոսքերը.«Եթե մեկին լավություն ես անում, ամբողջ տիեզերքը մեկ քայլ արաջ է գնում»:

Հուսամ 2016թ.-ը յուրովի կլինի այն առումով, որ «մոդայիկ» կդառնան մարդասիրությունը, նվիրվածությունն ու անկեղծությունը: