Հրաչ Քեշիշյանի և Ավո Ադամյանի համատեղ աշխատանքի արդյունքում կա հրաշալի տեսահելովակ: Երգիչը տեսահոլովակի սցենարը միանշանակ վստահել է ռեժիսորին ու առհասարակ ստեղծագործական ամբողջ թիմը եղել են պրոֆեսիոնալներ: Հեռուստադիտողը հունվարի 15-ին ականատես կլինի պրեմիերային:

Ավո՛, Ինչպե՞ս ընտրվեց երգը:

- Երգն է ընտրել ինձ: Այն ունի պատմություն, անցած ճանապարհ:

Ի՞նչ ի նկատի ունես:

- Դեռ դպրոցական տարիքից կատարել եմ այս երգը:

Իսկ ո՞վ է հեղինակը:

- Հեղինակը անհայտ է, եթե հայտնվի, որևէ մեկը և կարողանա փաստացի ապացուցել, որ իր ստեղծագործությունն է մեծ շնորհակալ կլինեմ: Երգի ընտրությունից հետո գործիքավորումը կատարել է Արսեն Բարսամյանը, ռեժիսորը` Հրաչ Քեշիշյան:

Դու միջամտություն ունեցե՞լ ես սցենարային հարցերում:

- Ոչ, կատարել եմ այն ինչ ինձնից պահանջել է ռեժիսորը, առհասարակ մտածում եմ, որ երգիչը պիտի զբաղվի միայն իր կատարումով, իսկ տեսահոլովակի հետ կապված մյուս հարցերը վստահի համապատասխան մասնագետներին:

Այս տեսահոլովակդ ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

- Նրանով, որ ընտրված երգը իմ տարիների ընկերն է: Հազար անգամ երգելուց հետո էլ հուզվում եմ: Նախապես ասեմ տեսահոլովակում առկա տեսարանները կապ չունեն իմ անձնական կյանքի հետ:

Կլինեն քննադատություններ, ինչպե՞ս ես վերաբերվում դրանց:

- Իմ գործերի մեջ առաջին քննադատը ես եմ լինում ու հերթական աշխատանքս ներկայացնելուց մտածում եմ, որ ավելի լավը կարող էր լինել: Սա այն եզակի դեպքն է , որ չեմ կարողանում թույլ տեղը գտնել: Այս երգում էություն, հոգեվիճակ կա, ունի անհատական ընկալում մեզնից յուրաքանչյուրի կողմից: