Արվեստի մոգական աշխարհում կայուն դիրք ունենալ, չկորել անսահմանության մեջ քչերին է հաջողվում: Շատերը հայտնվում են ասպարեզում, ներկայանում որպես երաժիշտ ու անհետանում ասուպի պես:

Գագիկ Թորոյանի նմանները քիչ են, ովքեր աշխարհ են գալիս կոչումով երաժիշտ ու հոգին հանձնում երաժշտական աշխարհին՝ փոխադարձ ստանալով ծափեր հանդիսատեսից և արժանանում երգիչ ընկերների գովեստի խոսքերին:

Բաս կիթառահարը բեմական գործունեությունը սկսել է «Ասպարեզ» -ից ու շարունակում է աշխատել առ այսօր այնպիսի տաղանդավոր հայտնիների հետ, որոնք առաջատար են, սիրված:

Համեստությամբ բեմում իր գործը ներկայացնող երաժիշտը Արման Հովհաննիսյանի, Հարութ Բալյանի, Թաթայի և այլոց հետ բազմաթիվ անգամ շրջել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նվագել այնպիսի բեմերում , որոնք հյուընկալել են նաև համաշխարհային աստղերի:

Պատեհ առիթ ունեցանք հանդիպել Գագիկ Թորոյանին, զրուցել ներկայումս առկա երաժշտական անցուդարձի մասին:

Գագիկ, մեծ ուղի ունեք անցած, նվագել եք պետական ջազային նվագախմբում, ինչպես եք գնահատում ներկա երաժշտական անցուդարձը Երևանում:

- Երաժշտական ասպարեզում միշտ էլ եղել են այլ մշակույթի առկայությունը, ազդեցությունը: Պատահական չէ, որ այսօր էլ հայաստանյան երաժշտական շուկայում մեր մշակութային տարրերի կողքին կա այլ` արևելյան երկրների, ինչու չէ նաև արևմուտքի մշակութային հարստությունը:

Ըստ քեզ ունե՞նք այնպիսի կատարողներ, որոնք կարող են մուտք ունենալ և հաստատվել միջազգային շուկայում:

- Հայաստանը տվել է մի շարք կատարողներ, ովքեր արդեն իսկ ճանապարհ են հարթել միջազգային ասպարեզ: Ջիվան Գասպարյան, Սամվել Երվինյան, Տիգրան Համասյան, Սերգեյ Խաչատրյան: Կարծում եմ, որ սա շատ գովելի փաստ է հայերիս համար ու բնականաբար հպարտանալու առիթ: Այսօր օտարները նաև նրանց շնորհիվ ծանոթանում են մեր մշակույթին: 

Որպես երաժիշտ հաճա՞խ եք մեկնում շրջագայության, երաժշտական աշխարհում ինչ չունենք, որին պիտի հասնենք:

- Իմ կարծիքով մեր ոլորտում այսօր պակասում է ոճային հարմոնիան, քանի որ երաժշտական ասպարեզում իշխում է իրար միախառնված բազում ոճեր, որոնք երբեմն միմյանց հետ որևէ կապ չեն ստեղծում ու երևի թե միջազգային ասպարեզ մուտք ունենալու համար պետք է հենց այդ ոճային «համերաշխությունը» ունենանք: 

Տաղանդը գալիս է ի վերուստ, թե կարող ես ձեռք բերել նաև աշխատասիրությամբ:
Տաղանդը բնականաբար գալիս է ի վերուստ, այն Աստծո կողմից մեզ տրված պարգև է, սակայն առանց աշխատասիրության կարող է անհետ կորել, վերանալ, ինչպես մարդը առանց սննդի չի կարող, այնպես էլ տաղանդը առանց աշխատասիրության կարող է նահանջել:

Երգիչ -երաժիշտ համագործակցության մեջ ի՞նչը չի կարելի խախտել չգրված օրենքի նման:

- Յուրաքանչյուր համագործակցություն պահանջում է նվիրվածություն: Երգիչ - երաժիշտ հարաբերությունում նվիրվածության օրենքը չպետք է խախտել, բայց մեկ օրենք կա ևս` դա նրա երաժշտության հանդեպ պրոֆեսիոնալիզմի պահպանումն է:

Վերջերս դուք հայտնվել եք ֆրանսիական հայտնի կայքերից մեկում: Ինչպես դա ստացվեց:

- Ֆրանսիայում հերթական համերգներից մեկի ժամանակ հանդիպեցի և համագործակցեցինք հայտնի կիթառի վարպետ, կիթառաշինության մեջ մեծ համբավ ունեցող Պաուլ Լաիրաթի հետ: Երևի թե նա գնահատեց իմ պրոֆեսիոնալ մակարդակը, այդպիսով առաջարկեց պաշտոնապես ներկայանալ: Նրա հրավերով 2016 թվականի հունվարի 21 -ից 24-ը Լոս -Անջելոսում կայանալիք երաժշտական ցուցահանդեսում ես նույնպես կունենամ իմ մասնակցությունը:

Լուսինե Արշակյան