Այսօր սիրո բարերար Սուրբ Սարգսի տոնն է, որն ընդունված է նաև համարել երիտասարդության և սիրահարների օր: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Տոնի խորհրդի մասին YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք) զրուցեց սիրված դերասան Սարգիս Տաշչյանի հետ:

Սարգի՛ս, Դուք նշո՞ւմ եք Ս. Սարգսի տոնը և կա արդյո՞ք Ձեր կյանքում մեկը, ում հետ պատրաստ եք այն նշել:

- Նախ, շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թո՛ղ Սուրբ Սարգիսը ուղեկցի մեզ սիրով և զորությամբ մինչ խոր ծերություն: Ես ամեն տարի նշում եմ այս տոնը: Որքան աշխարհիս երեսին մարդ կա, այդքան էլ սեր, բայց մենք յուրաքանչյուրս պետք է բացահայտենք, գտնենք մեր սիրուն, որտեղ և մեզ օգնության է գալիս Սուրբ Սարգիսը: Ներկա պահին ես տոնը միայնակ եմ նշում, բայց չեմ ընկճվում՝ հասկանալով որ իմ միակը՝ իմ սերը, ճանապարհին է:

Իսկ Դուք նախընտրում եք նշել ավանդական Սուրբ Սարգիսը թե՞ արտասահմանից ներմուծված Վալենտինի տոնը: Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը, որ ոչ հայկական այս տոնը լայն տարածում գտավ հայ հասարակության շրջանակներում:

- Իհարկե, ինձ համար Սարգսի տոնն է կարևոր: Ես դեմ չեմ կարելի է նաև Վալենտինը նշել, բայց մեկ պայմանով. չմոռանալ քոնը:

Վալենտինը ևս սիրո հետ է կապված: Կարող է սիրո շատ օրեր լինել, օրինակ՝ Ռոմեոյի, Ջուլիետի, Արայի և այլն: Հավատացե՛ք, որ բոլորն էլ կնշվեն, քանի որ սիրո, ուշադրության, զգացմունքների պակաս մենք բոլորս էլ ունենք: Նվիրել միմյանց ժպիտ, կարծում եմ խոսքերն ավելորդ են:

Իսկ աղի բլիթ կերե՞լ եք:

- Քանի որ իմ անունն էլ է Սարգիս, ես երկու տոն եմ նշում. մեկն անվանս, մյուսը՝ սիրո հետ կապված: Եվ ես հավատով կերել եմ իմ բաժին աղի բլիթը:

Անկեղծացեք մեզ հետ: Երբևէ ինչ-որ խելահեղ, ռոմանտիկ քայլի գնացե՞լ եք Ձեր սիրելիի համար:

- Շատ եմ արել, բայց այն ինչ արել եմ, չեմ արել խոսելու համար: Դա հիմա զուտ հիշողություն է, որն ինձ ժպիտ է պարգևում:

Շնորհակալ ենք գեղեցիկ հարցազրույցի համար, Սարգի՛ս: Մենք ևս շնորհավորում ենք Ձեզ՝ ցանկանալով, որ այս տարի անպայման գտնեք Ձեր երկրորդ կեսին: