Ռուսաստանաբնակ երգիչները որքան էլ իրենց կյանքի տարիներն անցկացնում են օտար հողում ու միջավայրում, միևնույն է իրենց հերթական աշխատանքը ցանկանում են ներկայացնել նաև հայաստանյան հանդիսատեսին:

Արտյոմ Չլովհարյանը` Արտի բեմական անունով բավականին երկար տարիներ զբաղվում է երաժշտական գործունեությամբ ու նրան ճանաչում են թե որպես ստեղնաշարային գործիք նվագող երաժիշտ, թե որպես երգիչ:

Հերթական նոր գործը նա նվիրել է սիրահար զույգերին, փետրվարի 14- ին տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան:

Դոնի Ռոստովում ապրող երգչի հետ զրույցում հասկացանք, որ մեր ժամանակներում ապրող հայ երիտասարդությունը հայերեն լեզվի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով նա իր նոր աշխատանքը ներկայացրել է ռուսերեն լեզվով: 

Ո՞վ է երգիդ հեղինակը:

- Ես եմ Моя невеста երգի հեղինակը: Վաղուց է, որ երգարվեստում զբաղեցնում եմ իմ տեղը ու թե որպես երաժիշտ, թե երգիչ միշտ ունենում եմ ասելիք և պարբերաբար ներկայացնում եմ իմ հանդիսատեսին: Նոր տեսահոլովակս նախատեսել էի նկարահանել Երևանում, գործնականի հետ համատեղ նաև կարոտս կառնեի, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Այնուամենայնիվ, երբ հոգիս լցվում է, խոսքս ասում եմ երգի տեսքով:

Ի՞նչ երգեր ես հիմնականում կատարում և ինչ լեզվով: 

- Բազմաժանր է երգացանկս: Կատարում եմ այն երգերը, որի պահանջը ունենում է տվյալ պահի հանդիսատեսը: Ցավոք հիմնականում երգում եմ ռուսալեզու երգեր: Մայրենի լեզուն պահպանելու խնդիր կա: Ռուսաստանում ապրող ներկայիս երիտասարդ սերունդի մի մասը միայն խոսում է հայերենով, իսկ գրավոր տարբերակին ընդհանրապես չեն տիրապետում: Մեծ վախ ունեմ, որ հեռանում ենք ազգի արմատներից, առաջինը լեզուն կորցնելով: Իմ կարծիքով ազգի պատկանելիության գիտակցությունը թե ով ես դու, հենց լեզվից է սկսում: Ցավում եմ, որ նոր աշխատանքս հայերեն չի հնչում, բայց հույս ունեմ, որ երեխաներս կապրեն Երևանում և կխոսեն մեր մայրենիով:

Համագործակցո՞ւմ ես տեղի հայկական համայնքի հետ:

- Այո, իհարկե: Ինչքան հնարավոր է լինում հայերը միշտ փորձում են իրար կողքի լինել:

Ե՞րբ է տեսահոլովակիդ պրեմիերան:

- Փետրվարի 14- ին է լինելու պրեմիերան: Այն նվիրված է սիրահարված զույգերին ու նորաստեղծ ընտանիքներին: Սրտանց ուզում եմ հայ փեսայի աչքերում միշտ սիրո փայլը անմար լինի իր հարսնացուի հանդեպ: