Պարզվում է՝ ճիշտ ճաշացանկի կարիքը զգում ենք ոչ միայն մենք, այլև մեր սենյակային բույսերը, որոնք ուժասպառությունից չեն ծաղկի, ավելին, կարող են ընդհանրապես ոչնչանալ։ Որպեսզի նման բան չպատահի, և նրանք միայն ուրախացնեն մեզ իրենց փթթուն տեսքով, օգտվեք այս խորհուրդներից ու մի քանի խորամանկություններից։ Դրանք կօգնեն սենյակային բույսերը հիանալի սնուցել և կնպաստեն լիառատ ծաղկունքին։ Շքեղ սենյակային ծաղկանոցի գաղտնիքը շատ պարզ է․ բույսերը պետք է լավ սնուցել, հակառակ դեպքում ո՛չ փարթամ սաղարթների հույս ունեցեք, ո՛չ էլ՝ լավ ծաղկունքի։ Խստագույն «սննդակարգը», երբ բույսը երկար ժամանակ սննդարար նյութերի պակաս է զգում, սովորաբար հիվանդությունների է հանգեցնում․ չէ՞ որ բույսերն այլևս ուժ չեն ունենա դիմակայելու։ Բայց ինչպե՞ս ճիշտ ճաշացանկ կազմել կանաչ հոգեզավակների համար՝ նկատի ունենալով դրանց տարբեր ճաշակները։ 1․ Գրեթե բոլոր բույսերը սիրում են շաքար (իսկ կակտուսներն առհասարակ մեծագույն քաղցրակերներ են)։ Կարելի է ջրելուց առաջ մեկ թեյի գդալ շաքարավազ լցնել բնահողի մակերեսին (եթե թաղարի տրամագիծը շուրջ 10 սմ է) կամ բույսը ջրել քաղցր ջրով (կես թեյի գդալ՝ կես բաժակ ջրին հարաբերությամբ)։ 2․ Բույսերի ծաղկման հիանալի արդյունք է ապահովում գերչակի ձեթը (1 լիտր ջրին 1 թեյի գդալ հարաբերությամբ)՝ կոկոնակալելու ընթացքում։ 3․ Բույսերի համար անչափ օգտակար է փայտամոխիրը (թե՛ որպես սննդանյութ, թե՛ հիվանդությունների կանխարգելման առումով)։ Մոխրի լուծույթ սարքելու համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ մոխիրը լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և պահել մի շաբաթ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Ստացված լուծույթով ոռոգել տասն օրը մեկ պարբերությամբ։ 4․ Բույսերը կարելի է ջրել նաև հետևյալ թուրմով․ վերցնում ենք նռան կամ ցանկացած ցիտրուսայինի չորացած կեղևներ, ջուր ենք լցնում ու մեկ օր պահում։ Վերջ․ ոռոգման համար սննդարար թուրմը պատրաստ է։ 5․ Սենյակային բույսերի դիմադրողականությունը հիանալիորեն կբարձրանի ասպիրինի լուծույթ ցանելը։ 1 հաբը պետք է լուծել 1 լիտր ջրում։ 6․ Ալոէի ջրիկացրած հյութը նույնպես լավ է բոլոր տեսակի սենյակային բույսերի համար։ Անհրաժեշտ է այդ հյութի մեկ թեյի գդալը խառնել մեկուկես լիտր ջրին։ 7․ Ֆիկուսները պետք է ամիսը մեկ ջրել շաքարաջրով։ Մեկ լիտր ջրին պիտի մեկ թեյի գդալ շաքարավազ խառնել։ Ֆիկուսի տերևներն անհրաժեշտ է մաքրել կաթով։ Դա բույսին փայլ ու գեղեցկություն կհաղորդի։ 8․ Սնկի թուրմի շնորհիվ ձեր բույսը առողջ ու գողտրիկ տեսք կստանա։ Թրջեք մանրացված ուտելու սնկերը՝ 1։1 հարաբերությամբ։ Մեկ օրից թուրմի ջուրը թափեք, սնկեը դարձյալ ջրով լցրեք։ Մի օրից սնկաջուրը ոռոգման համար պատրաստ կլինի։ 9․ Մանուշակներին դուր է գալիս այսպիսի պարարտանյութը․ վերցրեք В12 վիտամինի մեկ սրվակ ու խառնեք մեկ լիտր ջրին (բնականաբար՝ զուլալվելու ժամանակ տալով)։ Մանուշակները նման վիտամինաջրով կարելի է սնուցել ամիսը երկու անգամ։ 10․ Կալցիումով, մագնիումով և ֆոսֆորով հարուստ բանանի կեղևը կարելի օգտագործել բույսերը փոխատնկելիս։ Դրենաժային (ցամաքուրդի) շերտին շարեք մանր կտրատած կամ մսաղացով անցկացված բանանի կեղև, վրան բնահող լցրեք և բույսը տնկեք։

Նման բանիմաց խորհուրդներից հետո ձեր սենյակակին բույսերը հաստատ կփթթեն։ Եվ հիմա ստիպված չեք լինի դեն նետել ցիտրուսային մրգերի կեղևները․ չէ՞ որ դրանք հարուստ վիտամինային թուրմ են պարունակում, որը հիանալիորեն սնուցում է ձեր ծաղիկները։ Իսկ ասպիրին ցանելը միայն կամրապնդի ցիտրուսայինների թուրմից ստացված արդյունքը և գերազանցապես կնպաստի բույսերի դիմադրողականության աճին։ Սենյակային բույսերի խնամքին առնչվող այս եղանակները տարին բոլոր կնպաստեն դրանց ծաղկունքին։