Վաղ առավոտից տեղեկություններ են տարածվում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին։ Մասնավորապես՝ «Հրապարակի» տեղեկություններով՝ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։ Կուտակումներ կան մարզի տարբեր հատվածներում։

ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանին և Տավուշում կուտակումներ կան թշնամու կողմից, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը պատասխանեց. «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին։ Այս պահի դրությամբ սահմանին հարաբերականորեն կայուն դրություն է»։

Որևէ այլ մանրամասներ նա չհայտնեց։

Իսկ օգոստոսի 3-ից՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետներ եւ հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը եւ Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: