Քանի որ ակտիվ մարտերը շարունակվում են, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ն իրականացրել 50 տարում Իսրայելի դեմ ամենամեծ հարձակումը՝ սպանելով հարյուրավոր մարդկանց եւ տասնյակ պատանդներ վերցնելով։ Բայց վերլուծաբանները համակարծիք են այն հարցում, որ Իսրայելի անվտանգության գերատեսչությունը ստիպված կլինի բարդ հարցեր տալ իրեն, թե ինչու չէր կանատեսել մոտեցող հարձակումը, գրել է Breaking Defense-ը։

«Ես ենթադրում եմ, որ շատ լուրջ եւ խոր հետաքննություն է կատարվելու»,- Breaking Defense-ին ասել է Մերձավորարեւելյան ֆորումի հետազոտությունների գծով տնօրեն Ջոնաթան Սփայերը։

Գրոհն սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան, այդ թվում Երուսաղեմի հրթիռակոծությամբ, որը հազվադեպ թիրախ է ՀԱՄԱՍ-ի համար։ ՀԱՄԱՍ-ը ոչնչացրեց դիտակետերը սահմանի երկայնքով, հետո սահմանի պատնեշին անցքեր բացեց բուլդոզերներով եւ պարապլաններով։ ՑԱԽԱԼ-ի համաձայն՝ խումբը հետո գրոհել է ավելի քան 20 իսրայելական համայնք։

Առաջին օրվա վերջին արձակվել էր ավելի քան 3 000 հրթիռ Իսրայելի վրա, հարյուրավոր մարդիկ էին զոհվել։ Սա Ահեղ դատաստանի պատերազմի տարբերակն էր, ասել է իսրայելցի մի զինվոր, հակամարտություն, որն սկսվել էր 1973թ. եւ սահմանել Իսրայելի պաշտպանական քաղաքականության գիծը տասնամյակների համար։

Սա իսրայելական հետախուզության եւ պաշտպանական ռազմավարության ձախողումն էր։ Հետախուզությունը չկարողացավ իմանալ գրոհի մասին եւ չկարողացավ արագ արձագանքել։

Իսրայելում ընդհանուր թեման վերջին մի քանի տարիներին ներդրումներն ու տեխնոլոգիաներն են եղել պատերազմ վարելու համար։ Լազերային պաշտպանությունից մինչեւ սարքերի օգտագործում, որոնք պետք է սահմանամերձ շրջաններից հետախուզական տվյալներ փոխանցեին իրական ժամանակի ռեժիմով արագ որոշումներ կայացնելու համար։ Իսրայելը ուժեղացրեց հակաօդային պաշտպանության իր համակարգը՝ «Երկաթե գմբեթը», «Դավթի պարսը», «Նետը» բազմամակարդակ պաշտպանություն են կազմում, որը կարող է կանգնեցնել Գազայից կամ մեկ այլ տեղից արձակված հրթիռները։ Իսրայելը կենտրոնացել էր նաեւ Իրանի եւ նրա կողմից աջակցվող խմբավորման՝ «Հեզբոլլահի» (Լիբանանում եւ Սիրիայում) սպառնալիքների ուղղությամբ՝ Գազայի հատվածը թողնելով երկրորդ պլանում։

Այնուամենայնիվ, սահմանի երկայնքով իսրայելական նախազգուշական միջոցները ներառում են ստորգետնյա սպառնալիքներին անդրադարձը, ինչպիսին են թունելները։ Կան նաեւ աերոստատներ, Իսրայելն օգտագործել է դրոններ եւ տեխնոլոգիաներ, որոնք կառավարվել են արհեստական բանականության կողմից։ Սահմանի երկայնքով տեղակայվել են հեռակառավարվող ռոբոտներ։

Եվ այնուամենյանիվ, ՀԱՄԱՍ-ը զգալիորեն հաղթահարեց դրանք հոկտեմբերի 7-ին։ Նա կարողացավ հարված հասցնել բազմաթիվ կետերի եւ թափանցել իսրայելական զինվորական դիրքեր։

Կարճաժամկետ հեռանկարում հիմնական ուշադրությունը դարձվելու է իսրայելական տարածքից ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին վռնդելու եւ պատանդներին վերադարձնելու վրա։ Բայց երկարաժամկետ հեռանկարում դաս քաղելու հարցն է՝ արդյո՞ք տեխնոլոգիաներից իսրայելական կախումը վատ արկածախնդրություն չէր։ Վերլուծաբանները, սակայն ասում են, որ բանը տեխնոլոգիաները չեն, այլ մարդիկ։

Մերձավոր Արեւելքի ինստիտուտի պաշտպանության եւ անվտանգության ծրագրի ավագ գիտաշխատող եւ տնօրեն Բիլալ Սաաբը այդ մասին ուղիղ է ասել. «Չափից ավելի կախումը տեխնոլոգիաներից միշտ իր թերություններն ունի։ Բայց խնդիրը միայն տեխնոլոգիաները չէին։ Եղել է երեւակայության ձախողում, եւ լիակատար ոչ հարգալից վերաբերմունք ընդդիմախոսի հանդեպ»։

Բայրոն Քալանը Capital Alpha Partners-ից զգուշացրել է տեխնոլոգիաների մասին հապճեպ եզրահանգումներից, քանի որ դրանց մարդիկ են մասնակցում։ «Մենք չգիտենք՝ եղել է արդյոք հետախուզության նախազգուշացումը պատրաստվող հարձակման մասին, եւ նախազգուշացումները կարող են միանշանակ չլինել։ Սա չի նշանակում, թե տեխնիկական լրտեսումը տիեզերական [եւ] օդային հսկման ձեւով, ռադիոհետախուզումը եւ թափանցումը կիբեռցանց արժեզրկվել է»,- գրել է Քալանը։ «Սա ընդգծում է մարդկային աղբյուրների եւ մարդկային գնահատականների արժեքավորությունը»։

Սփայերը այդ գրոհներն անվանել է հետախուզության ձախողում բոլոր ուղղություններով, ինչպես ռազմավարական, այնպես էլ տեխնիկական մակարդակում։

Տակտիկական մակարդակում ՀԱՄԱՍ-ը կարողացավ «շարքից հանել հսկման համակարգը վաղ փուլում՝ օգտագործելով դրոններ եւ դրանցից նետվող զենք։ Սահմանի կողքին կային օբյեկտներ, որոնք պատասխանատու էին իրադարձությունների զարգացման համար իրական ժամանակում, եւ դրանք կործանվեցին ու հանվեցին շարքից... Ես համոզված եմ, որ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նման բան չկրկնվի»։

Ավելի լուրջ խնդիր էր «վերլուծության եւ գնահատման լիակատար ձախողումը» ռազմավարական մակարդակում, այն տեսակետից, թե որքանով էր Իսրայելը հասկանում ՀԱՄԱՍ-ի նպատակներն ու հնարավորությունները։ Սփայերի խոսքով՝ այն ժամանակվանից, երբ ՀԱՄԱՍ-ը դարձավ կառավարող խմբակցություն Գազայի հատվածում, Երուսաղեմը նրան այնպես է վերաբերվել, ասես նրանք ավելի շատ հետաքրքրված են կառավարմամբ, այլ ոչ թե Իսրայելի դեմ պայքարով, գնահատական, որն այժմ ճիշտ չի թվում»։