Հետևելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ ԱՄՆ-ը դադարեցնում է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրով (ԵՍԶՈՒ) իր պարտավորությունների կատարումը՝ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ։

Սալիվանն անընդունելի է համարել, որ «Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռազմական առումով շարունակում է ետ պահել Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը», մինչդեռ «Ռուսաստանը, որն ունի Եվրոպայում ամենամեծ զինված ուժերը և շարունակում է ակտիվորեն ագրեսիվ պատերազմ վարել Ուկրաինայի դեմ», կօգտագործի հենց այն ուժերը, որոնք կսահմանափակվեին պայմանագրով:

«Թեև ԵՍԶՈՒ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը ևս մեկ անգամ ցույց է տալիս Մոսկվայի կողմից սպառազինությունների վերահսկման անտեսումը, Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները և մեր պատասխանատու գործընկերները հավատարիմ են մնում սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկմանը՝ որպես եվրատլանտյան անվտանգության կարևոր տարր», - ասվում է հայտարարության մեջ:

Պայմանագիրը, որը ներառում էր ՆԱՏՕ-ի 16 պետություն և Վարշավայի պայմանագրի վեց երկրներ, ստորագրվեց 1990 թվականին և սահմանափակեց ռազմական բլոկների շփման գծում սովորական սպառազինությունների տեղակայումը՝ կանխելով լայնածավալ հարձակողական գործողություններ:

Ռուսաստանը դրան մասնակցությունը դադարեցրել էր դեռ 2007թ. 2023 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ներկայացրել Պետդումա՝ չեղյալ հայտարարելու ԵՍԶՈՒ պայմանագիրը, որը հաստատվել է նույն ամսին։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգն ավարտվել է։