2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ համատեղ և հատուկ զորավարժություններ, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

«Այս տարի հիմնական համատեղ ուսումնական միջոցառումների շարքում նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ղրղզստանի Հանրապետության տարածքում անցկացնել «Փոխգործակցություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություն՝ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ, «Որոնում 2024» հատուկ զորավարժություն հետախուզական ուժերի հետ, «Էշելոն-2024» հատուկ զորավարժություններ ՀԱՊԿ-ի զորքերի նյութատեխնիկական ապահովման ուժերով և միջոցներով», - ասել է նա ճեպազրույցում։


Սերդյուկովը հավելել է, որ 2024 թվականի հոկտեմբերին Տաջիկստանում կանցկացվի օպերատիվ ուսումնավարժություն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Արագ տեղակայման հավաքական ուժերի հրամանատարությամբ, ինչպես նաև համատեղ զորավարժություն «Ռուբեժ-2024», Արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ: Բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղազախստանի տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություն։

«Մինչև տարեվերջ ամբողջությամբ կմշակվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ հավաքական որոշումների կայացման և իրականացման ալգորիթմը։ Կշարունակվի պաշտպանական գերատեսչությունների, հիմնական կրթական, մեթոդական և հետազոտական ​​կազմակերպությունների ներգրավման պրակտիկան՝ ուսումնասիրելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացման արդի խնդիրները»,- նշել է Սերդյուկովը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ընդգծել է, որ զորավարժությունների ակտիվ փուլերին դիտորդների կարգավիճակով մասնակցում են «ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների, միջազգային կազմակերպությունների, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում հավատարմագրված ռազմադիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները: