Կիեւի մարզի ամենախոշոր Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է ապրիլի 11-ի գիշերը ռուսական հարվածի հետեւանքով, «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանն ասել է «Ցենտրէներգո» դիտորդական խորհրդի ղեկավար Անդրեյ Գոտան։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ուժեղ հրդեհ։ Ձեռնարկությունում շարունակվում են դրա տեղայնացման աշխատանքները։ «Բոլոր աշխատողները ողջ են»,- ավելացրել է Գոտան։

Ավեի վաղ Ուկրաինկա քաղաքի, որը կայանի մոտ է գտնվում, ղեկավար Ալեքսանդր Տուրենկոն տեղի բնակիչներին կոչ էր արել «ամուր փակել իրենց տների պատուհանները եւ չշնչել հրկիզման վնասակար նյութերը», ինչպես նաեւ լիցքավորել բոլոր սարքերը եւ ջուր ամբարել։ Ավելի ուշ քաղաքապետը խմբագրել էր իր գրառումը Ֆեյսբուքում եւ հանել պատուհանների մասին կետը։

Տրիպոլյան ՋԷԿ-ը Կիեւի մարզի ամենահզոր էլեկտրակայանն է։ Այն արտադրում է ամբողջ էներգիայի մոտ 57 տոկոսը։

Հինգշաբթի գիշեր ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի հինգ մարզերի էներգետիկ օբյեկտներին՝ Խարկովի, Կիեւի, Օդեսայի, Զապորոժիեի եւ Լվովի մարզերում։