«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրա Միքայելյանը, կապված սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած դեպքերի հետ, տարածել է հայտարարություն, որում ասվում է.

Երեկ, օրվա վերջում անհուն ցավով ու զայրույթով տեղեկացանք Տավուշի սահմաններում ծավալված մահաբեր ականակոծումների, և դրա հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին:

Մեր նվաճած զինադադարի օրերին զոհվեցին տարեց մարդիկ, ու նաև զոհեցին և վիրավորվեցին ականակոծումների ընթացքում նրանց կողքին մնալով նրանց փրկել փորձողները, այդ թվում նաև երիտասարդ մայր:

Մենք սկզբից մինչև վերջ քայլել ենք Արցախյան ազատամարտի արահետներով, ու լավ ենք հիշում ինչպես պատերազմի անմեղ զոհերին, այնպես էլ այն դառը, բայց արդար պատասխանը, որը տվեցինք հեղվող արյան դիմաց:

Մենք եղել ենք բանակի ստեղծման ակունքներում, միշտ կանգնած ենք եղել Հայկական բանակի կողքին, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտնի հայտարարությունն ընդունում ենք որպես հրաման:

Եվ այսօր, հատուցումից վախենալով դատարկվող իր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին որպես վահան օգտագործող ադրբեջանական բանակին հիշեցնում ենք մինչև 1994 թվականի մայիսն ու հետո մեր հանդիպումների մասին և պարզ ասում ենք, որ ամեն ինչ, այդ թվում նաև մեր համբերությունը, սահման ունի: Իսկ երբ համբերությունը սպառվում է, սկսվում է ցասումը:

Սեպտեմբերի 24-ին դուք վերստին վերածվեցիք մարդասպանների, և պարզ ասում ենք, որ հաջորդ անգամ ոչ թե ձեր արձակած գնդակներն ու ականներն են գտնելու պատերազմի ժամանակ Հայաստանի հողը պաշտպանած մեր խաղաղ բնակիչներին, այլ մենք, Հայկական բանակի զինվորների հետ միասին, վերստին հանդիպելու ենք ձեզ:

Ուստի, հորդորում ենք ոչ թե ընդամենը զգույշ լինել, այլ սթափվել: