Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։ Կայացած ընտրությունների կարևորության, ՀՀ նկատմամբ վարած քաղաքականության փոփոխման մասին YerevanNews.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ.

- Ադրբեջանի ընտրությունների արդյունքները շատ կանխատեսելի էին: Բացարձակ ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետև Ադրբեջանում տեղի ունեցած մեջլիսի ընտրությունները այնքան կանխատեսելի էին, որ նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այսքան տխուր և անհետաքրքիր ընտրություններ Ադրբեջանում երբևիցե չէին եղել:

Իշխանությունները լիովին վերահսկել են և վերահսկում են այդ ընտրությունների ամբողջ ընթացքը և դրանք ընթացել են այնպես, ինչպես դա ձեռնտու է Իլհամ Ալիևի վարչակարգին: Այստեղ նա որևիցե խնդիր չի ունեցել. ինչպես եղել է այդպես էլ կա, ընդհակառակը՝ այս ընտրությունների արդյունքում Ալիևը ավելի ամրապնդեց իր սեփական կուսակացության դիրքերը մեջլիսում:

Ադրբեջանում երբևիցե առանց կեղծիքի ընտրություններ չեն եղել: Այստեղ ընտրությունները կարելի է ասել ընդհանրապես դեմոկրատիայի հետ կապ չունեն: Դրանք իրավիճակը վերահսկելու համար են միայն մեծամասնական, այսինքն համամասնականի մասին խոսք չկա: Ադրբեջանում այդ ամենը արվում է օրենսդիր մարմինը ամբողջովին իշանությունների վերահսկողության տակ պահելու համար: Մեծամասնականով ներկայացված պատգամավորների 75-80 տոկոսը ներկայացնում են «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, մյուս կուսակցությունների պատգամավորները իշխանությունների ազդեցության ներքո են, իսկ անկախ պատգամավորները լիովին հարում են Իլհամ Ալիևին:

Կարող է հիմա ընտրությունների արդյունքում մոտ 5-6 ընդիմադիր պատգամավորներ լինեն, որն էլ եվրոպացիներին և սեփական հասարակությանը խաբելու միջոց է, իբր տեսեք ընտրությունները դեմոկրատական են եղել և մի քանի ընդիմադիրներ իրոք անցել են մեջլիս:

Կարծիքներ կային, որ ընտրություններից հետո իրավիճակը սահմանին ավելի կսրվի:

- Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրում տեղի է ունենում կարևորագույն հանդիպումների ժամանակ. երբ պետք է հանդիպեն ՀՀ և Ադրբեջանի նախագահները կամ տարածաշրջան են ժամանում խոշոր պետությունների պատվիարկություններ, արտգործնախարարներ, ղեկավարներ, հենց կոնկրետ միջնորդների այցից առաջ են միշտ սադրանքների դիմում: Ինձ թվում է, որ Ադրբեջանում երեկ տեղի ունեցած մեջլիսի ընտրությունները բացարձակ ոչ մի կաևորություն չունեին, հենց սրանով է պայմանավորված, որ ադրբեջանական մամուլը շատ քիչ ուշադրություն է դարձրել ընտրությունների արդյունքներին: