Բակո Սահակյանի հայտարարությունը շատ մեծ վտանգ պարունակող հայտարարություն էր և շատ մեծ խնդիրներ կբերի թե՛ ՀՀ-ի համար, թե՛ հայերի համար, ովքեր ապրում են արաբական երկրներում: Այս մասին YN.am-ի (YerevanNews.am-Երևան Նյուզ) հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Մեր հարցին, թե այս հայտարարությունը ինչ ազդեցություն կունենա ԼՂՀ-ի համար, քաղաքագետը պատասխանեց. 

- Դրական ազդեցություն ԼՂ համար չի կարող ունենալ, որովհետև մենք տեսանք, որ միևնույն է ՌԴ կողմից ճանաչված նույն Աբխազիան և Հարավային Օսիան մնացին այդպես կիսաճանաչված, Մոսկվայի ջանքերի շնորհիվ 3-րդ կարգի երկրներ ճանաչեցին:

Պետք է նշեմ, որ Արցախի անմիջական ներգրավումը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին մեզ համար մեծ խնդիրներ կստեղծի: Վտանգ կա և՛ ՀՀ-ի համար, որը կարող է դառնալ ահաբեկիչների հարձակման կիզակետ, և՛ միևնույն ժամանակ մեծ խնդիրներ կարող է ստեղծել մեզ համար միջազգային ասպարեզում, ի դեմս նրա, որ նույն ԱՄՆ-ն կամ եվրոպական խոշոր տերությունները կարող են ուղղակիորեն դժգոհել Երևանի դիրքորոշումից և համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ-ի դեմ: Մենք ավելի զգույշ և խոհեմ պետք է լինենք այս հարցում:

Ըստ Ձեզ, ո՞րն էր Բակո Սահակյանի հայտարարության նպատակը:

- Այս հայտարարությունը նշանակում է, որ Արցախը պատրաստ է մասնակցել հակահաբեկչական գործողություններին... իհարկե փորձ է կատարվում այն Արցախին վերագրել, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ասելով Արցախ հասկանում ենք Հայաստան, ասելով Հայաստան հասկանում ենք Արցախ:

Արցախը չի կարող ինքնուրույն այդ որոշումը ընդունել՝ լինելով ինքնահռչակ և միջազգային հանրության կողմից չճանաչված երկիր... Արցախի անվտանգության համար պատասխանատու է Հայաստանը և Արցախը չէր կարող «ինքն իր համար» այդպիսի հայտարարություններ անել: Սա իհարկե համաձայնեցված է պաշտոնական Երևանի հետ, բայց միևնույն ժամանակ գտնում եմ, որ դա մեծ վտանգ պարունակող հայտարարություն է: