Զորամասի շարահրապարակում ինքնազգացողությունը վատանալուց հետո մահացած 19-ամյա Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր, հայրը զինվորական է: Մյասնիկյանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը ասաց, որ Սարգիսը 10 օր առաջ էր անցել Լուսակերտի զորամասում ծառայության: Գյուղապետի խոսքով, Սարգիսը առողջական խնդիրներ չուներ եւ դեռ պարզ չէ, թե ինչու է նրա ինքնազգացողությունը վատացել շարահրապարակում, որից հետո նրա մոտ կենսաբանական մահ է գրանցվել:

Սարգիս Ափինյանը ընտանիքի կրտսեր երեխան էր, ունի իրենից մեծ երկու քույր:

Ավելի Վաղ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրը՝ News.am